«Ծպտյալ թուրք լրտես», Տավուշի մարզի տարհանման պլան և ոչ միայն․ Լրացույց

«Լրացույցն» այս անգամ անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի շուրջ պտտվող մանիպուլյացիաներին, Տավուշի մարզի տարհանման պլանին և ինչ-որ անհասկանալի թուրք լրտեսի մասին սուտ լուրերին։

Էյվազլին և Չայզամին Գորիս – Կապան ճանապարհի վրա։ Քարտեզը ըստ՝ Fip.am-ի

Շաբաթվա կարևորագույն իրադարձություններից էր ադրբեջանական ուժերի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը։

Հիշեցնենք՝ դեռ անցած տարեվերջին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում պնդել էր, թե 44-օրյա պատերազմի պատճառով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ վիճարկելի են։ Հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ տեղակայվեցին։

Անցած շաբաթ ադրբեջանական կողմը փակեց ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները։ Այն, որ պաշտոնական Բաքում փորձելու է նման ոտնձգություններ իրականացնել սպասելի էր շատերի համար։ Այն, որ թեման շահարկվելու է և հայտնվելու է ապատեղեկատվական թեզերի կիզակետում, նույնպես սպասելի էր։

Իսկ այ՝ թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը շատերի համար անսպասելի էր։

«Առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանն Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը», – Կառավարության նիստում հայտարարեց Փաշինյանը։ – «Այս գործողությունը հակասում է 2020 թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի», – հավելեց նա։

Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը․ – «Գորիս – Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է»։

Փաստորեն իշխող ուժը, վարչապետի գլխավորությամբ, առաջ է մղում այն թեզը, թե այդ ճանապարհահատվածները ադրբեջանական են, թեև սահմանների դելիմիտացիա դեռևս չի արված և հենց Պաշտպանության նախարարությունը ճանապարհահատվածը ավելի վաղ որակել էր «վիճարկելի»։

Իսկ մինչև հասարակության մի մասը փորձում էր իմաստավորել իշխանությունների հայտարարությունները, ընդդիմադիր լրատվականները սկսեցին պնդել, թե վարչապետն ադրբեջանական տեղանուններն օգտագործել է հայկական բնակավայրերի՝ Կարմրաքարի, Շուռնուխի, Որոտանի, Նոր Առաջաձորի փոխարեն և դրանից հեռու գնացող ենթադրություններ անել, թե իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին հանձնել նաև այդ հայկական բնակավայրերը։

Քննարկման առարկա չդարձնելով այն, թե ինչքանով էր ճիշտ վարչապետի կողմից ադրբեջանական տեղանունների օգտագործումը՝ «Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե որքանով են հավաստի հայկական տեղանունները ադրբեջանականով փոխարինելու մասին մամուլում տեղ գտած պնդումները։ Fip.am նույնականացվել են ավերված Էյվազլի գյուղը, և Չայզամին, որը Նոր Առաջնաձոր գյուղից դեպի արևելք ընկած տարածքն է։ Այս տարածքները 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի հսկողության տակ և որևէ կապ չունեն հայկական տեղանունների՝ Կարմրաքարի, Շուռնուխի, Որոտանի, Նոր Առաջաձորի հետ։ Այլ կերպ ասած՝ լրատվականներում տեղ գտած պնդումը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական անվանումների փոխարեն ադրբեջանական տեղանուններ է օգտագործել, սխալ է և մանիպուլյատիվ:

***

Անցած շաբաթ համացանցում տարածվեց նաև տեղեկություն, թե Տավուշի մարզային իշխանությունները նախապատրաստվում են մարզի բնակչության տարհանմանը։ Կրկին շրջանառվեց հայկական տարածքները Ադրբեջանին հանձնելու թեզը։ Կեղծ լուրը տեղ գտավ նաև ադրբեջանական լրահոսում, Haqqin.az-ը գրեց, թե Հայաստանում պատրաստվում են էվակուացնել բնակչությանը Ադրբեջանի հետ սահմանակից տարծքից։

Տավուշի մարզպետարանը ստիպված եղավ պարզաբանում տարածել, որից պարզ է դառնում, որ տեղեկությունը կեղծ է։

Այս ապատեղեկատվության համար հիմք էր հանդիսացել Տավուշի մարզպետի՝ վերջերս կայացրած որոշումը, որով խմբագրական փոփոխություն էր իրականացվել 2011 թվականին կառավարության կողմից ընդունված որոշման մեջ՝ «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին»։

Տավուշի մարզպետարանի պարզաբանման մեջ նշվում է՝ մարզպետը արդեն գոյություն ունեցող տարհանման պլանում պատասխանատուների անունները փոխարինել է պաշտոնների անուններով, որպեսզի ամեն անգամ պաշտոնյայի փոփոխությունից հետո որոշման մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտություն չառաջանա։

***

Անցած շաբաթ թեժացան նաև լրտեսական կրքերը․ «Փաստարկ» լրատվականը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ Վայոց Ձորում թուրք հետախույզ է ձերբակալվել։ Նշվում էր, որ «հետախույզին» հայտնաբերել են ոչ թե ոստիկանները, այլ հասարակ մի քաղաքացի։

Media.am-ի թիմը ուսումնասիրել է թուրք հետախույզի մասին լուրերը, նաև հարցում է արել Ոստիկանությանը, պարզելու համար, թե արդյոք անցած մեկ ամսվա ընթացքում Վայց Ձորում կամ որևէ այլ մարզում թուրք հետախույզ հայտնաբերելու, ձերբակալելու դեպք արձանագրվել է։ Ոստիկանությունը գրությամբ տեղեկացրել է, որ նման տեղեկության չի տիրապետում։

«Փաստարկը» իր հրապարակած կեղծ լուրին կցել էր լուսանկար, որը որպես այս տեղեկատվության ապացույց շրջանառվում էր սոցիալական ցանցերում։

Media.am-ը պարզել է, որ նկարում ոչ թե ծպտյալ թուրք լրտես է, այլ թուրք ճանապարհորդ, վլոգեր Արղուն Քոնուկը, որը Հայաստանում էր դեռևս գարնանը։ Կադրը վերցված է նրա յութուբյան ալիքում հրապարակված վլոգից, որը վերջինս նկարահանել էր Հայաստան այցելությունից հետո։ Վլոգում տեսնում ենք, որ Արղուն Քոնուկը նկարահանման ժամանակ չի խուսափում ասել, որ Թուրքիայի քաղաքացի է։

Որպես ապացույց, որ Վայոց Ձորի տարածքում հայտնաբերվել է թուրք հետախույզ, տարածվում էր նաև մեկ այլ լուսանկար:

Էկրանի արտապատճենումը՝ ըստ Media.am

Այս նկարում էլ դեռևս 2018-ին Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերված Թուրքիայի քաղաքացի է և լուսանկարը որևէ կապ չունի «Փաստարկի» հրապարակած տեղեկատվության, կամ ավելի ճիշտ՝ ապատեղեկատվության հետ։

Իսկ մինչ մանիպուլյացիայի ու ապատեղեկատվության վարպետները հասարակության ուշադրությունը շեղում են մանիպուլյատիվ թեզերով, կեղծ լուրերով, խորհրդարանական ծեծկռտուքներով, երկրի համար իսկապես կարևոր հարցերը հաճախ անտեսված են մնում։ Եվ ցավոք դա հենց այն է, ինչին ձգտում են ապատեղեկատվության վարպետները։

Մեկնաբանել