Հայաստանի ղեկավարության Արցախ չայցելելը քաղաքական որոշում է եղել․ Վահագն Խաչատրյան

Հայաստանի ղեկավարության Արցախ չայցելելը «քաղաքական որոշում է եղել»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու բարձրագույն իշխանությունն այսօր՝ Արցախի անկախության 30-րդ տարեդարձին, Արցախ չի այցելել։

«Ուրեմն, որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում ա կայացվել էդ ձևով անել։ Ինչ-որ ուրիշ բաներ մի փնտրեք, նորմալ ա։ Կարծում եմ՝ որևէ խնդիր չկա։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձև անել»,- նշել է Խաչատրյանը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին Արցախում էր Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի մեկնել Արցախ։

Մեկնաբանել