Բենզինի հայկական շուկա նոր խաղացող է մտնում

Petrocas Energy

Սիվիլնեթի տեղեկություններով՝ Հայաստանի բենզինի շուկայում առաջիկայում նոր խաղացող է հայտնվելու՝ Petrocas Energy ընկերությունը։ Վրաց-ռուսական կապիտալով այս ընկերությունը Հայաստանում հավանաբար իր գործունեությունը կսկսի «Միկա քորփորեյշն»-ի գնման եղանակով։

Petrocas Energy-ն տարածաշրջանային խոշոր էներգետիկ ընկերություն է, որը զբաղվում է նավթամթերքի դիստրիբուցիայով, նաև՝ բեռնափոխադրումներով, Փոթիի նավթային տերմինալը շահագործող ընկերությունն է (պահեստային հզորությունը 144 000 խորանարդ մետր է)։ Ընկերությանն են պատկանում Վրաստանում գործող ու 2010-ին հիմնված GULF բենզալցակայանները, որ նաև ավիավառալիքի վաճառքով է զբաղվում։ Petrocas Energy-ն նավթամթերք է մատակարարում Կովկաս, Թուրքիա, Ղազախստան, Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Ռուսաստան։ Ընկերությունը գրասենյակներ ունի Հունաստանում, Կիպրոսում ու Ժնևում, ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և մի շարք այլ խոշոր ֆինանսական կազմակերպությունների կողմից։

2013-2014 թթ. Վրաստանում մեծ աղմուկ բարձրացավ, երբ Petrocas Energy-ի հիմնադիր ու բաժնետեր, վրացի միլիարդատեր Իրակլի Յակոբաշվիլին ընկերության 49 տոկոսը վաճառեց ռուսական «Ռոսնեֆտ»-ին։ Սա Վրաստանում ընկալվում էր որպես իրենց ռազմավարական ձեռնարկություն ռուսական ներթափանցում: Հակառակ դրա՝ «Ռոսնեֆտ»-ը իր գոհունակությունն էր հայտնում կարևոր տարածաշրջանում իրականացված այս ռազմավարական գործարքից։ Ըստ Reuters-ի՝ «Ռոսնեֆտ»-ի կողմից Petrocas-ի 49 տոկոսի ձեռքբերումն արժեցել էր 144 միլիոն դոլար։ Petrocas Energy-ն առևտրային մի շարք պայմանագրեր ունի եվրոպական խոշոր էներգետիկ ընկերությունների հետ՝ ավստրիական OMV Group-ի, հունական Motor Oil ու իտալական Saras ընկերությունների հետ։

Petrocas Energy-ն նաև Վրաստանից Հայաստան բենզին է տեղափոխում, ու այս փաստը կարող է ազդեցիկ գործոն լինել Հայաստան մտնելուց հետո ընկերության առաջարկած բենզինի գնի ձևավորման վրա: Բացի այդ, ինչպես նշեցինք ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է ռուսական «Ռոսնեֆտ»-ին։

Ինչպես հայտնի է Հայաստան բենզին ներմուծող խոշոր ձեռնարկությունները՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն ու «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ը, բենզին գնում են «Ռոսնեֆտ»-ից, և այս հանգամանքը ևս կարող է ազդել բենզինի գնագոյացման ու այդ շուկայի վերաձևավորման վրա։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ Petrocas Еnergy-ի մուտքը հայաստանյան բենզինի շուկա կարող է իրականացվել «Միկա քորփորեյշն»-ի բենզալցակայանների ձեռքբերմամբ՝ Ռուսաստանում գրանցված ու նավթի առևտրով զբաղվող «ՌՆ-Երևան» ընկերության միջոցով։

«Հետք»-ը 2017-ի ապրիլին գրել էր, որ «Միկա քորփորեյշն»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող, Մոսկվայում գրանցված «ՌՆ-Երևան»-ի բաժնետոմսերն անցել են «Ռոսնեֆտ»-ին։ «ՌՆ-Երևան»-ի բաժնետերն իր հերթին «ՌՆ-կոմմերցիա» ընկերությունն է, որի բաժնետոմսերի 87 տոկոսը պատկանում է «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկություններից մեկին։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անցյալ շաբաթ առանց անուներ տալու ակնարկել էր բենզինի շուկայում նոր խաղացողի մասին՝ ասելով, որ այդ ընկերությունը կատարելու է 60 միլիոն դոլարի ներդրում։ «Դա այնքանն էր, ինչքանը կարող էի ասել»,- սեպտեմբերի 2-ի կառավարության նիստից հետո ՍիվիլՆեթին ասաց Քերոբյանը։

Հարցին, թե Petrocas Energy-ն, մտնելով բենզինի հայկական շուկա, կարո՞ղ է գերիշխող դիրք ունենալ ու այդպիսով մյուս ներմուծողների համար խնդիրներ առաջացնել, նախարարը պատասխանեց. «Մյուս տնտեսվարողները իմ կարծիքը շատ լավ գիտեն։ Այս պահին բենզալցակայանների մանրածախ շուկան ունի ցածր արդյունավետություն ու նախնադարյան մեթոդներով է աշխատում։ Իմ ու հասարակ սպառողների կարծիքով` կան պրոբլեմներ չափաքանակների հետ, որակի հետ: Ամբողջ աշխարհում բենզալցակայանները աշխատում են նաև ինքնասպասարկումով, ցածր մարժայով։ Բենզալցակայաններում սրճարան կամ խանութ չկա, ինչը ամբողջ աշխարհում ընդունված է»,- պատասխանեց նա՝ դժգոհելով, որ տեղի խաղացողները պետք է ներդրումներ կատարեն բենզալցակայանների, նոր սերնդի բենզալցակայանների հիմնման համար, սակայն այդ ներդրումները չեն կատարում։

Քերոբյանը դժվարացավ պատասխանել՝ արդյոք բենզինի նոր ներմուծողը կսկսի՞ իր գործունեությունը մինչև տարեվերջ. «Հիմա քննարկումների մեջ ենք, ու դեռ պարզ չէ, թե թուլլտվությունների տրամադրումը ինչպես կընթանա»։

Խոսելով մամուլում հայտնված այն տեղեկությունների մասին, թե Petrocas Energy-ի բաժնետերերից Իրակլի Յակոբաշվիլին ադրբեջանական Socar-ի գործընկերներից է, ու այդ փաստը կարող է ռիսկային լինել, Քերոբյանն արձագանքեց․ «Այն մարդիկ, ովքեր լուրեր են տարածում, թե Socar-ը մտնում է հայկական շուկա, ստում են, ու կառավարությունը ուշադիր կլինի, որ հայկական շուկայում ադրբեջանական ազդեցություն չլինի»։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել