Ռուսաստանի կառավարական կայքն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրը

Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի «Գնումներ» բաժնում տեղադրված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գնման պատվերը, որում մասնավորապես նշվում է․

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի համալիր սպասարկման կազմակերպման և անցկացման ծառայությունների մատուցում»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հռչակվել է 1991-ի սեպտեմբերի 2-ին, ճանաչված չէ որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ղարաբաղյան հակամարտության սկզբում՝ 1991-ի նոյեմբերին, Ադրբեջանն ընդունել է օրենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերացնելու մասին։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե «Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի», մինչդեռ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում ձևավորված հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք են ուժից և ուժի սպառնալիքից հրաժարումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ազատ ինքնորոշումը։

Մեկնաբանել