Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորում, աֆղանական դասեր․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Երկամսյա դադարից հետո վերսկսվել են Էրիկ Հակոբյանի հեղինակային հաղորդումները։ Այս անգամ նա խոսում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և Աֆղանստանից դասեր քաղելու մասին։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հնարավորության մասին

Հայաստանի ու Թուրքիայի միջև քաղաքական կամ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսակցություններ են սկսվել։ Վարչապետ Փաշինյանն ասել է՝ ազդակներ կան Թուրքիայից։ Նաև թուրքական մամուլում են լուրեր շրջանառվում, թե ինչպես Էրդողանը դիվանագիտական ապարատին հավանություն է տվել՝ սկիզբ դնելու երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկխոսությանը։

Եկեք հեռվից նայենք փաստերին. նախ, 1991-ից ի վեր Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախահեղափոխական ու հետհեղափոխական կառավարությունները բաց են եղել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Դժկամությունը միշտ եղել է Թուրքիայի կողմից՝ ելնելով տարբեր պատճառաբանություններից, ինչը վերաբերում է նաև սահմանները բացելու խնդրին։

Ընդհանուր առմամբ, մենք պետք է շատ թերահավատորեն մոտենանք սրան։ Անձամբ ես շատ թերահավատորեն եմ նայում սրան՝ բազում տարբեր պատճառներով։ Որքան էլ ցանկալի լինեն այդ հարաբերությունները,- ընդ որում, նրանք ցանկալի են այն իմաստով, որ կապ չունի՝ ինչ կարծիքի ես այդ երկրի մասին,- եթե ունես հարևան պետություն, որը տարածաշրջանում գլխավոր դերակատարներից է, պետք է նրա հետ անմիջականորե՛ն զրուցել, ոչ թե ինչ-որ երրորդ միջնորդի միջոցով։ Երկխոսությունն ու հստակությունը միշտ էլ գերադասելի է դրա բացակայությունից՝ անկախ այդ կողմին սիրելուց կամ չսիրելուց։ Սա ուղղակի խաղի կանոններն են։

Սակայն բազմաթիվ են պատճառները, որոնց հետևանքով թերահավատորեն եմ մոտենում հարաբերությունների կարգավորման իրատեսությանը, և դրանց մեծ մասը Հայաստանին չի առնչվում։

Առաջինը՝ դրա նկատմամբ Ադրբեջանի կողմից կլինի մեծ ընդդիմացում։ Քանի դեռ Ադրբեջանը կարծում է, որ կարող է իր կարծիքը պարտադրել և հասնել իր համար լավագույն ու մեզ համար վատագույն գործարքին, հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած տեսակի մերձեցում իրականում թուլացնում է կարգավորման հնարավորությունը։ Ուստի, սպասվում է Ադրբեջանի կողմից հսկայական ճնշում՝ դա չանելու համար։

Երկրորդ, կարևոր է հասկանալ Ալիևի ու Էրդողանի վարչակարգերի միջև հարաբերությունները։ Երկուսն էլ ուղնուծուծով կոռումպացված վարչակարգեր են։ Կողմերի միջև անձերի մակարդակով առկա են գործարար հարաբերություններ, և հաշվի առնելով փաստը, որ երկու երկրներում էլ ղեկավարները հենց իրենք են վարչակարգը, ու երկրի քաղաքականությունը հիմնված է ոչ թե երկրի, այլ ղեկավարի շահերի վրա՝ ես չեմ կարծում, որ սա իրականություն կդառնա՝ ադրբեջանական ճնշման պատճառով։

Ավելին, թուրքական իշխող կոալիցիայում կան կուսակցություններ, մասնավորապես՝ «Թուրքիայի ազգայնական շարժում» բացահայտ ֆաշիստական կուսակցությունը, որը կատաղի ռասիստ ու հակահայկական է։ Չեմ կարծում, որ երբ Էրդողանը նրանց կարիքն ունենա հաջորդ անգամ,- իսկ դա սպասվում է 2023-ի առաջիկա ընտրություններում,- նա կվտանգի իր քաղաքական հեռանկարները կամ կապերը՝ միջազգային հարթակում որոշ մարդկանց գոհացնող որոշում կայացնելու գնով։

Երրորդ, երբ նայում ես Էրդողանին, առկա է այս պասիվ-ագրեսիվ մոտեցման ուղեգիծը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների նկատմամբ։ Այդպես է Ռուսաստանի, Իսրայելի, Հունաստանի դեպքում, որտեղ նա իրեն այնքան ագրեսիվ է դրսևորում, իսկ երբ տեսնում է՝ վատ վիճակում է, կտրուկ խուսանավում է՝ որոշ ժամանակ շահելու համար։

Ուստի, մեծ նշանակություն պետք է տալ ոչ թե Էրդողանի խոսքերին, այլ գործերին։ Ես չեմ ակնկալում, որ այս երկու պետությունների միջև առաջնային հարաբերություններում որևէ փոփոխություն կլինի՝ մինչև Էրդողանի վարչակարգի անկումը։

Ինչ դասեր քաղել Աֆղանստանից

Անցնենք մյուս խոշոր թեմային, որն անցած շաբաթներին միջազգային լրատվականների ուշադրության կենտրոնում էր՝ Աֆղանստանը կամ աֆղանական վարչակարգի անկումը և Տալիբանի հաղթանակը։ Ոմանք կհարցնեն՝ ինչ կապ ունի սա Հայաստանի հետ։ Իրականում՝ ունի՝ թե՛ [կառավարական ուժերի] այդքան զիջողական լինելու, թե՛ այն պատճառով, որ աշխարհագրական առումով Աֆղանստանը այդքան էլ հեռու չէ մեզնից։ Այն, ինչ աշխարհը տեսավ, ապշեցուցիչ էր՝ տալիբական բանակը առանց տանկերի, հրետանու, օդուժի կամ ՀՕՊ համակարգերի մի քանի օրում հաղթանակ տարավ մի բանակի նկատմամբ, որին ամեն տեսակի առաջնակարգ սպառազինությամբ վերապատրաստելու ու զինելու համար ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը 130 միլիարդ դոլար էին ծախսել։

Կարճ ժամանակում Տալիբանը, որի մեծ մասը Պակիստանում փախստականների ճամբարներում մեծացած անկիրթ երեխաներ են, կարողացավ ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին խղճուկ հսկայի վիճակում դնել։

Եթե նայենք սրա ունեցած ազդեցությանը Հայաստանում, կարճաժամկետ հեռանկարում դա կլինի փախստականների հարցը։ Ասեմ՝ ինչու։ Թուրքիան, որը Մերձավոր Արևելքից բոլոր փախստականների ու աֆղանների համար առաջին տարանցիկ ուղին է դեպի Եվրոպա, ակնհայտորեն չի ցանկանում փախստականների մեկ այլ ալիքի դիմագրավել, ընդհուպ մինչև թուրք-իրանական սահմանին երկար՝ «Թրամփի ոճի» պատ կառուցելը՝ Աֆղանստանից փախստականների ներհոսքը կանխելու համար։

Եթե նայում ենք քարտեզին և ընդհանուր առմամբ այն քաոսին, որն Իրաքն է, եթե չես կարող գնալ Թուրքիա, քեզ մնում է դեպի Եվրոպա տանող երկու ուղի՝ կա՛մ կգնաս Հայաստան, կա՛մ Ադրբեջան։ Ավելի հավանական է՝ Հայաստան, որովհետև Հայաստանն ունի մուտքի ավելի ազատական ռեժիմ, և եթե իրավիճակն Աֆղանստանում դուրս գա վերահսկողությունից, մենք կտեսնենք փախստականների ալիք, ու մի իրավիճակ, որն ակնհայտորեն իր ազդեցությունը կթողնի նաև մեզ վրա։

Մյուս կարևոր դասը, ըստ իս, այն է, որ Աֆղանստանը անոմալիա չէ, այն իսկապես դիսֆունկցիոնալ երկիր է, որոշ առումներով նաև երկիր էլ չէ, այլ նույն աշխարհագրական տարածքում գտնվող ցեղերի հավաքածու։ Բայց առաջիկա քսան տարիներին աշխարհում կլինեն բազում այլ աֆղանստաններ. եթե նայում ենք Հայաստանի ու Չինաստանի և Հայաստանի ու Մերձավոր Արևելքի միջև ընկած բոլոր երկրներին, հավանաբար հինգ-տասը երկիր կա, որոնք առաջիկա տասնհինգ-քսան տարիներին կունենան պետականության փլուզում՝ տարբեր պատճառներից ելնելով՝ լինի դա գլոբալ տաքացման հետ կապված խնդիր, ավելի կոնկրետ՝ ածխաջրածնային պաշարների աստիճանական նվազման առումով, ինչի արդյունքում այս տարածաշրջանի բազում երկրներում էականորեն կնվազեն եկամուտները։

Այսպիսով, տեսնում ենք ապագայի մի պատկեր, որն առանձնապես հուսադրող չէ։

Ի՞նչ առաջնային դաս պետք է քաղենք մենք։ Երկարաժամկետ առումով, եթե նպատակդ պատերազմում հաղթանակ տանելն է, միակ բանը, որ կցանկանաս թշնամուդ, կոռումպացված լինելն է։ Աֆղանստանի կառավարությունը բացառիկ կոռումպացված էր, կարելի է ասել՝ կոռուպցիան նրա շարժիչ ուժն էր այն աստիճանի, որ երբ նախագահը փախավ երկրից, իր հետ տարավ 160 միլիոն դոլար կանխիկ փող։

Սակայն այս կոռուպցիան զուտ աֆղանական երևույթ չէ։ Իրականում այն շատ էլ արևմտյան երևույթ է՝ արևմտյան կապալառուները, ՀԿ-ները, վարձկան ընկերությունները գողացան միլիարդավոր դոլարներ՝ նախագծերում, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին կամ գերագնահատված էին։

Այսպիսով, այդ երկրում ծախսվեց երկու տրիլիոն դոլար ՝ առանց զգալի ազդեցության։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև ամեն տեսակի կոռուպցիա ուղիղ համեմատական է անձեռնհասությանը։ Որքան կոռումպացված է համակարգը, այնքան շատ անձեռնհաս է կառավարման համակարգը երկարաժամկետ առումով։

Դա է դասը, որ մենք սովորեցինք անցած տարի, և որն աշխարհը սովորեց այս տարի։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել