Մուրադովն Արցախում այցելել է ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը Ստեփանակերտում գտնվում է կալանքի տակ: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ խաղաղապահ զորախմբում իր աղբյուրին հղումով։

Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է Բաբաևի պահման պայմաններին և առողջական վիճակին: Վերջինիս խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների և ընտանիքի անդամների հետ։

Օգոստոսի 25-ին Բաբաևը ներխուժել էր Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որտեղ այդ պահին երկու երեխա էր եղել։ Նա պահանջել է սնունդ և ծխախոտ, երեխաներից մեկը զանգահարել է ոստիկանություն։ Իրավապահները ձերբակալել են ադրբեջանցուն։

Դեպքից հետո ադրբեջանական կողմը տեղեկություններ է տարածել այն մասին, որ Բաբաևը փախել է Գյանջայի հոգեբուժարանից (Մարտակերտից մոտ 140 կմ հեռավորության վրա – խմբ.) և հայտնվել հայկական կողմում:

Օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի, բնակարանի անձեռնմխելիության խախտման և ապօրինի ազատազրկման համար: Նա ձերբակալվել է և գտնվում է Ստեփանակերտում։

Մեկնաբանել