Ղարաբաղյան կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում անդրադարձել է Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերին՝ ուղղված 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցմանը։

«Խոսելով անցյալ տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ մեր նախագահի ջանքերի մասին։ Դրանք այժմ հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է այդ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Մեկնաբանել