Մարդը՝ պաշտոնական ուղերձներից անդին

Արցախում երեկ Հանրապետության օրվա միջոցառումների լուսաբանումը մեկ այլ աչքով էի նայում։ Ինձ հետաքրքրում էր հետևյալը՝ տեսնես պաթոսի ամենամյա չափաբաժինը նվազե՞լ է։ Պարզվեց՝ ոչ։ Ինչը շատ տխուր է, անասելի տխուր։

Այսպես, նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում նշեց, որ պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել և հավելեց. «Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող: Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով»:

Ուղերձ հղեց նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Պաթոսի պակաս այս ուղերձում էլ չկար, ինչպես չկար ձեռքբերումները դույզն ինչ կասկածի տակ դնելու փորձ անգամ։ Նա գտնում է, որ ստեղծվել է ժողովրդավարական երկիր՝ բոլոր պետական ատրիբուտներով: Միևնույն ժամանակ, ի տարբերություն երկրի առաջին դեմքի, Թովմասյանը կարծում է, որ ոչ տոնական տրամադրությամբ այս տարեդարձը որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է. «Արդյո՞ք ճիշտ օգտագործեցինք պետություն կառուցելու բացառիկ հնարավորությունը, արդյո՞ք ազնիվ եղանք մեր ու սերունդների առջև. հարցեր են, որ անընդհատ ծառանում են մեր առջև: Սխալները շատ էին: Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք: Հակառակորդին թերագնահատելն ու դիվանագիտական ոչ լիարժեք ջանքերն իրենց դերը խաղացին»:

Թե կոնկրետ ինչպիսի սխալներ են թույլ տրվել, ինչ պիտի անել դրանք չկրկնելու համար և ովքեր են պատասխանատու դրանց համար՝ այս մասին, բնականաբար, բառ անգամ չկա։ Մի խոսքով՝ հավուր պատշաճի, արարողակարգային ինքնաքննադատություն։ Բայց խոսնակը գոնե արծարծեց թեման, թող որ՝ մակերեսորեն։ Ուղերձի վերջում նա կոչ արեց «Բուժել վերքերն ու առաջ գնալ, քանզի սերունդների առջև պատասխանատու ենք, պատասխանատու ենք հանուն հայրենիքի կյանքը զոհած մեր հազարավոր զավակների առջև»:

Միակ ճշմարիտ ուղին անկախության ուղին է։ Սա էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղերձի հիմնական միտքը։ Նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը խնդիր ունի վերլուծելու անցյալի հաջողությունները, ձախողումները, նաև ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը, նա ընդգծեց՝ «Մենք պետք է հասկանանք, որ անկախությունը, ինքնորոշումը և մեր արժեքների պահպանությունն ու պաշտպանությունը կոնկրետ զրկանքներ, զոհողություններ ու կորուստներ է պահանջում: Մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհը դժվարին է, սակայն սա առաքելություն է, որը այլընտրանք չունի»:

«Սա շատ կարևոր իրադարձություն է և մեր ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական զարգացումն է։ Սա մի տոն է, որը բոլորս պարտավոր ենք հիշել, տոնել, որովհետև սա, ի վերջո, մեր երկրի անձնագիրն է»,- իր ուղերձում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Արցախը պետք է արժեք և սրբություն լինի Հայաստանում և Սփյուռքում: Դա մեծապես կնպաստի, որպեսզի Արցախը կարողանա կանգնել և մեր թիկունքը լինել… Արցախը գաղափար է, անձեր չեն… Մենք այլ տարբերակ չունենք, քան գաղափարախոսական ժողովուրդ լինելը, քանի որ նյութական դաշտում չենք կարող մրցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ»:

Ահա այսպես։ Խոսքեր, գաղափարներ, կարծրատիպեր, կարգախոսներ… միագումար՝ պաթոս։

Ոչ մի ինքնաքննադատություն։ Թեև տվյալ պարագայում ինքնախարազանումն անգամ քիչ կլիներ։ Բայց ուր է թե։ Ու ոչ մի ներողություն։ Այսինքն այն, ինչ արեց ընդդիմադիր «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նա սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան այսպիսի գրառում արեց. «Չես էլ ուզում գիտակցել այսօրվա իրականությունը…Գիտակցել, որ 1988-ից սկսած գոյատևման պայքարը, Արցախյան առաջին պատերազմում կերտած հաղթանակը մենք ինքներս մեր ձեռքով, մեր ապրելակերպով, Հայրենիքի նկատմամբ վերաբերմունքով հասցրեցինք այս օրին… Այսօր գնալու եմ եղբայրական գերեզմանոց՝ ներողություն խնդրելու տղերքից…»։

Այն տպավորությունն է, որ իշխանությունը չի հասկանում, թե ինչ ահավոր բան է կատարվել։ Կամ էլ, ինչպես ասում են, թեթև է տանում։ Ու ամենակարևորը՝ չի ուզում փոխվել, ինքնամաքրվել։ Նույն Տիգրան Պետրոսյանը դրանից մի քանի օր առաջ գրառում էր արել երկրի նախագահի հետ շարունակվող դժվարին բանակցությունների մասին, որոնց թեման երկրի բարեփոխման ուղղությամբ արմատական քայլերն են։ Ու գրեթե ոչ մի լավատեսություն։ Ցավոք սրտի, Արայիկ Հարությունյանը չի գիտակցում պահի լրջությունը և փորձում է կրկին իր խաղերը խաղալ՝ գրել էր ընդդիմադիր գործիչը։

Մինչդեռ այնքա՜ն բան կա փոխելու։

Բայց պաթոսը նաև կոչված է շղարշելու անելիքը։ Չգիտեմ ով է ասել, որ ծնծղաները նրա համար են, որ չլսվեն մարդկանց տնքոցները։ Մեր պարագայում այդ դերը պաթոսն է անում։

Հայրենիք, ազգային արժեքներ, անհրաժեշտ զոհողություններ, պատմական պարտավորություններ, սերունդների առջև պատասխանատվություն, անկախության ճանապարհը հարթ չէ, անկախությունը զրկանքներ ու զոհողություններ է պահանջում, Արցախը պետք է արժեք ու սրբություն լինի…

Իսկ Մա՞րդը։ Ցավից տնքացող, հուսահատ ու թևաթափ, հացի խնդիր լուծող ու ապագայի հանդեպ հավատը կորցրած Մարդը։

Թեև սրա պատասխանն էլ տրվեց սեպտեմբերի 2-ին՝ Արցախը գաղափար է, անձեր չեն։

Իսկ ես ուզում եմ հուսահատ գոռալ՝ Արցախը մարդիկ են, մարդիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիկ…

Մեկնաբանել