Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում իշխանությանը ոչինչ չի սպառնում

Երեկ արտգործնախարարությունում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում հիշեցրեց Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մի արտահայտություն, ըստ որի՝ «հակամարտող կողմերը պետք է իրենց հասարակություններին պատրաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Արտգործնախարարից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստելու իր հասարակությանը։ Ես պարոն Նալբանդյանի պատասխանը չեմ մեջբերի։ Ավելի ճիշտ մի նախադասությունը չէր խանգարի. «Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ռազմատենչ հայտարարություններ չի անում»։ Սա, անկասկած, հարցի պատասխան չէ։ Բայց միակն է՝ ասված ըստ էության։

Լրագրողն ուզում էր առարկայորեն պատկերացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, որպեսզի հասարակությունը համոզվի, որ խաղաղ կարգավորումը լավագույն լուծումն է նույնիսկ, եթե իր տրամադրության տակ ունենա աշխարհի բոլոր միջուկային զենքերը։ Խնդիրն այն է, որ մեր, ինչպես նաև Ադրբեջանի իշխանություններին ձեռք չի տալիս հակամարտության կարգավորումը։ Այնպես չէ, որ նրանց ձեռք է տալիս պատերազմը, բայց պատերազմի սպառնալիքը պետք է մնա ասպարեզում։ Այսինքն՝ յուրաքանչյուրը պետք է իր թիկունքում զգա պատերազմի մոտալուտ, բայց դեռևս ոչ իր դուռը հասած շունչը։

Ինչո՞ւ։ Նախ կա՞ չարքաշ մեկը Հայաստանում կամ Ադրբեջանում, որ պատերազմ է ուզում։ Կա՞ չարքաշ մեկը, որը թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում կորուստներ չի ունենա պատերազմի դեպքում։ Բայց թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում իշխանությանը ոչինչ չի սպառնում իրական պատերազմի կամ պատերազմի հավանականության դեպքում: Պատերազմի սպառնալիքը և բուն պատերազմը ցանկացած ավտորիտար և տոտալիտար համակարգերի պատճառականության իմաստն է։ Խաղաղ պայմաններում հասարակությունը, եթե այն մենթալիտետով իսլամական չէ, չի կարող հանդուրժել որևէ անտեսլական մարդու ներկայությունն իշխանության մեջ կամ գլխին։ Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում մենք հանդուրժում ենք այդպիսի մարդկանց իշխանության մեջ (ինքս չեմ կարող ասել, թե ինչ հրաշքով ենք հանդուրժում նույնիսկ պատերազմական պայմաններում), որովհետև հենց նրանք էլ մեր վզից կախում են այդ հակամարտությունը։ Այսինքն՝ գեներալ Մանվելը մեր օրենսդրական մարմնում հնարավոր է դարձել, որովհետև նրա ինդուլգենցիան մեկ անգամ արդեն հաղթած պատերազմն է։ Նշանակում է, քանի դեռ պատերազմի սպառնալիքը կա, նա կարող է պետք գալ այս հասարակությանը։ Ուրեմն նրան որևէ կերպ նեղացնել պետք չէ։ Ահա թե ինչու մեր երկրի արտգործնախարարը հոդաբաշխորեն չի կարողանում ասել, թե ինչպես են հայ հասարակությանը պատրաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովելու համար նախ պետք է փակեն «Հայլուրը» (այդպես ասենք)։ Երկրորդ՝ երկու երկրների քաղաքացիական ինստիտուտներն իրար հետ հարաբերություններից պետք է դուրս մղեն իշխանություններին։ Ոչ մի իշխանավոր չպետք է խառնվի այդ հարաբերություններին։ Իշխանավորը պետք է հետևի միայն այդ հարաբերությունների դինամիկային և վերջում, ինչպես երդվյալ ատենակալների դատարանում, արձանագրի վճիռը, որը հասարակություններն իրենք են կորզել այդ հարաբերություններից։ Հակամարտության խաղաղ կարգավորումը ավելի տևական պրոցես է, բայց երկու երկրում էլ չկա չարքաշ մեկը, որը երազում է այնպիսի հակամարտության մասին, որտեղ թափվում է մյուսի որդու կամ դստեր արյունը։ Որտեղ երեխան մնում է առանց հոր կամ մոր։ Հայաստանն այսպիսի խաղաղ կարգավորման պատրաստ չէ։ Երբ նախարարն ասում է, թե «Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ռազմատենչ հայտարարություններ չի անում», առնվազն ճիշտ չէ։ Այդ ռազմատենչ հայտարարություններն ինքը չի անում, բայց ինքը տևական ճամփորդությունների բերումով չի կարդում հայաստանյան մամուլը և չի հետևում հայաստանյան եթերին։ Դրանք արդեն իսկ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի մամուլ և եթեր են։

Մեկնաբանել