Որոնք են նոր կառավարության առաջնային անելիքները՝ ըստ քաղաքացիների․ IRI-ի հարցման արդյունքները

ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է հետընտրական Հայաստանում արված սոցհարցումների արդյունքները։ Հարցումն իրականացվել է հուլիսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1 504 քաղաքացի։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։

Հարցման մասնակիցների 41 տոկոսը կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Ըստ 2021-ի մայիսին արված հարցման՝ այդ կարծիքին էր քաղաքացիների 43 տոկոսը։ Եթե 2021-ի մայիսին քաղաքացիների 20 տոկոսն էր նշել, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, ապա հուլիսին այդկերպ է պատասխանել 34 տոկոսը։

«Գո՞հ եք հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներից» հարցին 63 տոկոսը պատասխանել է՝ այո, 29 տոկոսը՝ ոչ, 7 տոկոսը հրաժարվել է պատասխանել։ Տոկոսային հարաբերակցությամբ ընտրությունների արդյունքներից ավելի գոհ են գյուղաբնակները և տարեցները, ավելի քիչ գոհ՝ Երևանի բնակիչները և երիտասարդները։

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնության կարծիքով՝ նոր ձևավորված կառավարության առաջնային անելիքը պետք է լինի անվտանգային խնդիրների լուծումը։ Առաջնային անելիքների մասով քաղաքացիները հնարավորություն են ունեցել երկու պատասխան նշել։ Այսպես, 56 տոկոսը կարծում է, որ առաջնային են անվտանգության խնդիրները, ևս 6 տոկոսը որպես երկրորդ պատասխան նշել է անվտանգությունը։ 5 տոկոսն առաջնային է համարում սոցիալական պայմանների բարելավումը (12 տոկոսը՝ որպես երկրորդ պատասխան), 9 տոկոսը՝ բանակի հզորացումը (5 տոկոսը՝ որպես երկրորդ պատասխան)։

Մեկնաբանել