Ինչի՞ է ձգտում Հայաստանն Արցախի հարցում, ինչո՞ւ է լռում օկուպացիայի մասին

2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում թերևս ամենաշատ քննարկվող հարցը հետպատերազմյան փուլում ՀՀ – Արցախ հարաբերություններն են։ Ո՞րն է Հայաստանի նպատակը Արցախի հարցում և ինչպե՞ս է պատրաստվում հասնել իր համար ցանկալի արդյունքի։

Փորձագիտական շրջանակներն արդեն անդրադարձել են Ազգային Ժողովի կողմից հաստատված նոր կառավարության ծրագրում այս հարցի վերաբերյալ առկա անորոշ ձևակերպումներին, որոնք տարընթերցումների տեղիք են տալիս։ ՀՀ իշխանությունները մի կողմից շարունակում են խոսել բանակցությունների միջոցով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին, մյուս կողմից հրաժարվում են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-ամյակի միջոցառումներին։

Առաջին հարցը, որին ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ պատասխան տալ, վերաբերում է Արցախի սահմաններին։ Ի՞նչ են հասկանում ՀՀ վարչապետը, արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը, երբ խոսում են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Նրանց պատկերացմամբ՝ Արցախը պետք է ինքնորոշվի 2020-ի նոյեմբերի 10-ից հետո ձևավորված սահմաններո՞ւմ, 2020-ի սեպտեմբերի 26-ի սահմաններո՞ւմ, 1988-ի փետրվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՞, թե՞ 1991-ի սեպտեմբերին 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում։

Երկրորդ խնդիրը, որին ՀՀ իշխանությունները խուսափում են առերեսվել, 2020-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանի գրաված տարածքների կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշման ձևակերպումն է։ Պատերազմի ավարտից տասը ամիս անց ՀՀ իշխանությունները չեն հայտարարել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության 8 500 քառակուսի կիլոմետր տարածքների օկուպացիայի մասին: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Երևանն այդ տարածքները համարում է Ադրբեջանի մաս։ Հայաստանն արդյոք տարբերակում դնո՞ւմ է նախկին ԼՂԻՄ-ի տարածքների (այդ թվում՝ Հադրութի, Շուշիի և Մարտակերտի կորսված գյուղերի) և մինչև 2020-ի պատերազմը փաստացի Արցախի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածքների միջև։ Պաշտոնական Երևանի համար հայկական վերահսկողությանը մնացած Արցախի 3000 քառակուսի կիլոմետր տարածքը, որ ռուսական խաղաղապահների հովանու ներքո է, արդյոք տարբե՞ր է նախկին ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանի գրաված մասերից կամ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջաններից։ Ի՞նչ տարբերություն Շուշիի, Հադրութի շրջանի և Ստեփանակերտի կամ Մարտակերտի շրջանի միջև։

Եթե Հայաստանը համարում է, որ Շուշին Ադրբեջանի տարածք է, որը 28 տարի շարունակ գտնվել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, ապա նույն տրամաբանությամբ Ադրբեջանի տարածք է նաև Ստեփանակերտը, որը ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Հայաստանը կամ պաշտոնապես հայտարարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայի մասին և շեշտում, որ Արցախը, ներառյալ ժամանակավորապես օկուպացված տարածքները երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում, կամ համաձայնում է, որ Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը և Մարտունին ևս ադրբեջանական տարածքներ են, որոնք առայժմ չեն գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Հաջորդ կարևոր խնդիրը, որին Հայաստանի իշխանությունները հրաժարվում են պատասխանել, Արցախի անվտանգության ապահովման հարցն է։ Ի՞նչ է տեղի ունենալու Արցախում, եթե այս կամ այն պատճառով ռուսական զորքերը հեռանան Արցախից։ Առայժմ այս հարցին ՀՀ իշխանությունների պատասխանը մեկն է՝ ռուսական զորքերը Արցախից չեն հեռանա 2025-ի նոյեմբերին, նրանք եկել են շատ երկար ժամանակով, հետևաբար Արցախում բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունը ևս ապահովված է շատ երկար ժամանակով։

Այս դիրքորոշումը վկայում է միայն մեկ բանի մասին՝ Հայաստանն իրեն այլևս պատասխանատու չի համարում Արցախի հայության անվտանգության ապահովման համար, և գտնում է, որ այդ խնդիրը գտնվում է բացառապես Ռուսաստան – Ադրբեջան երկկողմ կամ Ռուսաստան – Ադրբեջան – Թուրքիա եռակողմ հարթությունում։ Կպայմանավորվի Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ Արցախում իր զորքերի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ, հայերը կշարունակեն ապրել Ստեփանակերտում և հարակից տարածքներում։ Հակառակ պարագայում Արցախի հայերը կամ ֆիզիկապես կոչնչացվեն, կամ հարկադրված կլինեն այրել սեփական տները և հեռանալ, ինչպես արեց Քաշաթաղի շրջանի բնակչությունը 2020-ի նոյեմբերի 10-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի Հանրապետությունը լավագույն դեպքում կարող է այդ մարդկանց որոշակի նպաստ և ժամանակավոր կացարան տրամադրել Հայաստանում։ Դա լավ առիթ կլինի հերթական անգամ Ռուսաստանին մեղադրելու հայերին դավաճանելու և վաճառելու մեջ և նորից պահանջելու դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։

Այս հարցերը հրատապ պատասխան են պահանջում։ Իհարկե, պատասխանների բացակայությունը ևս դիրքորոշում է, սակայն այդ դեպքում իշխանությունները պետք է դադարեն խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, 2020-ի պատերազմից հետո Արցախում ճգնաժամի փուլի հաղթահարման, զարգացման ծրագրերի մեկնարկի և այլ հաճելի բաների մասին։ Միգուցե այդ պարագայում ավելի անկեղծ կլինի Արցախի հայությանն ուղղորդել դեպի Բաքու և Մոսկվա՝ սեփական ճակատագիրը պարզելու և հետագա իրադարձություններին անպատրաստ չգտնվելու համար։

Մեկնաբանել