«Ղարաբաղ Տելեկոմի» ապագայի հարցը մշուշոտ է

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Պատերազմի ընթացքում Արցախում գործող կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունները սահմանափակվեցին, դրանք վերապահվեցին Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: 2020-ի հոկտեմբերի 2-ին նման որոշում կայացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե «սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական»:

«Ղարաբաղ Տելեկոմի» կարգավիճակը և այլ հարցեր պարզելու համար ՍիվիլՆեթը հունիսի 25-ին հարցում է ուղարկել Արցախի տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.

– «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն ի՞նչ կարգավիճակ ունի ներկայում: Ո՞վ կամ ովքե՞ր են սեփականատերերը:

– Ո՞վ կամ ո՞ր կառույցն է ղեկավարում ընկերությունը (իրականացնում մենեջմենթը):

– Ո՞վ է ընկերության ներկայիս սեփականատերը/սեփականատերերը:

– Եթե ընկերությունը պետականացվել է, ապա ի՞նչ հիմքով:

– Եթե ընկերությունը պետականացվել է, ապա ի՞նչ ժամկետներով: Եվ ե՞րբ է վերադարձվելու նախկին սեփականատերերին:

Նախարարությունը հղում է արել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օերնքի 51-րդ հոդվածին՝ «բաժնետերերի ռեեստրը վարվում է ընկերության կամ համապատասխան մասնագիտացված ընկերության կողմից»: Պատասխանից պարզ է դառնում, որ 2004-ից «Ղարաբաղ Տելեկոմի» բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը վարող Հայաստանի Հանրապետության համապատասխան մասնագիտացած իրավաբանական գրասենյակը (X ՍՊԸ) ազատվել է այն վարելու պարտավորությունից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս տնօրինությունը վարվող ռեեստրին ծանոթ չէ, ապա նրանք ի վիճակի չեն տեղեկություն տրամադրել այսօրվա սեփականատերերի մասին: Հետպատերազմյան ժամանակաընթացքում ռեեստրի վարման կարգի վերաբերյալ լրացուցիչ կոնկրետ հանձնարարականների մասին ներկայում ընկերությունում տեղեկություններ չկան»,- ասված է նամակում:

«Ռազմական դրություն» խառնաշփոթը

«Ո՞վ կամ ո՞ր կառույցն է ղեկավարում ընկերությունը (իրականացնում մենեջմենթը)» հարցին ի պատասխան նախարարությունը հղում է արել հոկտեմբերի 2-ի նույն հրամանագրին. ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում ավանդորեն գերիշխող օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունները սահմանափակվել են՝ դրանք վերապահելով Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը (այժմ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն):

Ի՞նչ է նշանակում «ռազմական դրության ամբողջ ժամկետի» ընթացքում բառակապակցությունը․ 1994-ից ի վեր Արցախում պարբերաբար երկարաձգվում էր ռազմական դրությունը: Բայց այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ:

Արցախում հրապարակվող «Դեմո» թերթի 2005-ի համարում կարդում ենք. 1997-ին «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո մարտական գործողությունների բացակայության պարագայում չեն կիրառվում ռազմական դրությանը բնորոշ որոշ դրույթներ. «Մասնավորապես, չի գործում գրաքննությունը, չեն արգելվում հավաքները, բնակչությանը պատկանող ավտոմեքենաները չեն օգտագործվում պաշտպանության նպատակներով: Ինչպես տեղեկացրել է պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ռուդոլֆ Մարտիրոսյանը, չեն կիրառվում այն դրույթները, որոնք կապված են քաղաքացիական հասարակության կենսագործունեության հետ:»:

Արցախցի իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն ասում է, որ պաշտոնական տեղեկագիր հանդիսացող Arlexis.am կայքում առկա է «Ռազմական դրության մասին» ռուսալեզու օրենքը, որի 12-րդ հոդվածում նշվում է՝ ուժը կորցրած ճանաչել 1992-ի ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հանձնարարականը «Ռազմական դրություն» հայտարարելու մասին։ «Ենթադրվում է, որ դրանից հետո նույն օրենքի պահանջներին համապատասխան նախագահի կողմից պետք է ընդունվեր նոր ակտ ռազմական դրություն հայտարարելու մասին: Բայց այդպիսին նույնպես չկա՝ գոնե պաշտոնական տեղեկագրերում։ Դրա փոխարեն առկա են ռազմական դրությունը երկարաձգելու մասին հրամանագրեր, որոնք հասկանալի չէ, թե որ ռազմական դրությունն են երկարաձգում և ինչ պայմաններով»:

Ե՞րբ է Արցախում ռազմական դրություն հայտարարվել

Իրավաբանն այդ պատասխանը չունի: «Պատասխանը իմանալու համար մենք պետք է ունենանք «Ռազմական դրություն հայտարարելու մասին» կամ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը, կամ իրավասու այլ սուբյեկտի համապատասխան նորմատիվ ակտը՝ Գերագույն խորհրդի որոշում, հայտարարություն, Գերագույն խորհրդի նախագահի հրամանագիր կամ այլ իրավական ակտ»,- ասում է նա:

Պատերազմից առաջ Արցախը ռազմական դրության մե՞ջ էր

«Իրավական գրագրության կամ խուսափողականության գնահատական չեմ կարող տալ։ Ռազմական դրության ժամկետը սահմանվում է «ռազմական դրություն հայտարարելու» իրավական ակտով, ներկայում՝ նախագահի հրամանագրով, որը, սակայն, հնարավոր չէ գտնել և իմանալ պատասխանը` ինձ համար անհասկանալի պատճառներով», – բացատրում է ստեղծված վիճակը իրավաբանը:

Բոլորը լռում են

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի մասին տեղեկություն ստանալու նպատակով ՍիվիլՆեթը օգոստոսի 4-ին գրություն է ուղարկել նաև մասնագիտացած MDIC ընկերություն, որը նախքան պատերազմը կառավարել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի հեռահաղորդակցության գործունեությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ այն հանդիսացել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի սեփականատեր Պիեռ Ֆատուշի ներկայացուցիչը: Ընկերությունն առայսօր չի պատասխանել ՍիվիլՆեթի հարցերին: Իսկ ուղարկված հարցերը հետևյալն են․

– Արդյոք հոկտեմբերի 2-ին կայացրած որոշումը չի՞ խախտել ձեր սեփականության իրավունքը։ Ի՞նչ կարող եք ասել դրա վերաբերյալ։ Արդյոք օրինակա՞ն է Արցախի Հանրապետության նախագահի որոշումը։

– Ներկայում ի՞նչ առնչություն ունեք «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ։

– Ովքե՞ր կամ ո՞ր կազմակերպությունն է ներկայում կառավարում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռահաղորդակցության գործունեությունը։

– Ի՞նչ կարգավիճակ ունի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն։ Ի՞նչ ժամկետներում են պատրաստվում «Ղարաբաղ Տելեկոմը» վերադարձնել ձեր կառավարմանը ու նախկին սեփականատերերին (սեփականատիրոջ ներկայացուցիչներին)։

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը այս հարցերի վերաբերյալ ևս չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ: Օդաբաշյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչև 2020-ի հոկտեմբերի 2-ը:

․․․

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելու մասին «Հետքի» հրապարակման հիման վրա Արցախի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել համակարգչային սաբոտաժի և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով: Իսկ Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել այս քրեական գործը։

Մեկնաբանել