Արցախի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևին: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը։ Խաղաղության և կայունության պահպանման գործում Նախագահ Հարությունյանը առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Ավելի վաղ Իգոր Խովաևը Երևանում հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Օգոստոսի 31-ին էլ ռուսաստանցի համանախագահը այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: