Չպատվաստված պետական աշխատողները կարող են հեռացվել աշխատանքից․ նախագիծ

Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով հնարավոր կլինի աշխատանքից հեռացնել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանած հանրային ծառայողներին։

Փոփոխություններով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը՝ օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով նաև հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

«Միաժամանակ, որպես աշխատանքի չթույլատրման հիմք սահմանվում է հանրային ծառայողների պարտականությունը՝ ներկայացնելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատանքի ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը»,- ասված է նախագծում։

Ըստ օրենքի փոփոխության՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է, եթե իր աշխատանքային պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր չի կատարել իր աշխատանքային պարտականությունները։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2019թ. տվյալներով իշխանության մարմիններում աշխատող անձանց թիվը շուրջ 246 900 է․ «Ուստի, այդ անձանց կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը կարող է էական ազդեցություն ունենալ վարակի դեպքերը նվազեցնելու և հանրային իշխանության մարմինների գործունեությունը պատշաճ կազմակերպելու գործընթացում»։

Նախագծում ներկայացված է նաև Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության օգոստոսի վիճակագրությունը, համաձայն որի՝ նախորդ ամիս արվել է 173 150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 10 997 նոր դեպք, այսինքն, դրական է եղել թեստերի 6,35%-ը։ Օգոստոսին Հայաստանում COVID19-ից մահացել է 204 մարդ։

Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Բացառություն են՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները, բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները, հղիները: