Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է գերիների, ԼՂ կարգավորման հարցերը

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին, հաղորդում է արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական զարգացմանը ու օրենքի գերակայության ապահովմանը։ Կարևորվել առևտրատնտեսական կապերի, տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության խթանումը: Արարատ Միրզոյանը և Անդրեա Վիկտորինը հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:

«Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը և կայուն զարգացմանը: Կողմերն անդրադարձ են կարատել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց անվերապահ հայրենադարձման խնդրի հրատապությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի արտգործնախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի վերսկսումը։

Մեկնաբանել