ՀՀ կառավարությունը 15 մլրդ դրամ կհատկացնի քաշաթաղցիների բնակարանային խնդիրների լուծմանը

Հայաստանի կառավարությունը առաջիկայում 15 միլիարդ դրամ է տրամադրելու վերջին պատերազմի հետևանքով տները կորցրած քաշաթաղցիների բնակարանային խնդիրների լուծմանը։ Իրավական նախագծերի հրապարակման կայքում շրջանառվում է համապատասխան որոշման նախագիծ։

Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները, ըստ կառավարության, 950 ընտանիքներ են (3 600 անձ)։ Ծրագրի շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին նախորդած երեք ամիսներին փաստացի բնակված են եղել Քաշաթաղում և ունեցել են սեփական անշարժ գույք։

Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ-ում մարզային բնակավայրերում հիփոթեքով տուն գնելու, ՀՀ-ում կամ Արցախում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ քաշաթաղցիները պետք է դիմեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, ապա ընդգրկվեն ցուցակում, գնեն համապատասխան գույքը, կնքեն հիփոթեքային պայմանագիր, որից հետո կառավարությունը ամսական վճարումները համապատասխան բանկին կիրականացնի։

2022 թվականի բյուջեում այս նպատակի համար կհատկացվի 9 միլիարդ դրամ։ Նախագիծը դեռևս քննարկվելու է կառավարության նիստում։

Մեկնաբանել