Տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

«Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի ԱԳՆ-ից հանդիպմանը մասնակցել են նաև գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

Մեկնաբանել