Նախատեսվում է միավորել 441 համայնք ու ունենալ 37 համայնքային փնջեր

Հայաստանի կառավարությունը մտադիր է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը։ Օրենսդրական փաթեթին նախատեսվում է հավանություն տալ սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում ու անհետաձգելի համարելով ուղարկել խորհրդարան։

Նախատեսվում է միավորել 441 համայնք ու այդպիսով ունենալ 37 համայնքային փնջեր։ Համայնքների խոշորացման գործըթնացը կանգ էր առել հեղափոխությունից հետո։

«Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նաև հայտնում է, որ համայնքների խոշորացումը բխում է կառավարության՝ վերջերս ընդունված ծրագրի դրույթներից։

Արագածոտնի ու Կոտայքի մարզերում յուրաքանչյուրում ստեղծվելու է 5 համայնքային փունջ, Արմավիրի մարզում՝ 7-ը, Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ստեղծվելու են յուրաքանչյուրում 4 համայնքային փնջեր, Վայոց ձորում՝ 3-ը, իսկ Տավուշում մեկ համայնքային փունջ է ստեղծվելու։

2016-ից մինչև 2018-ը 486 համայնքների միավորումից ձևավորվել էին 54-ը։