Իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության հետ Հայաստանի կառավարության ունեցած արբիտրաժային վեճում փորձագիտական ծառայություններ մատուցելու համար կառավարությունը մոտ 1,2 միլիոն դոլար կփոխանցի բրիտանական «Արկադիս քոնսալթինգ» ընկերությանը։ Հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում։
«Կորսան կորվիամ»-ն իրականացնում էր Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ու նախորդ տարիներին մեծ պարտքեր էր կուտակել նաև ենթակապալառուներին։ Հյուսիս-հարավի կառուցման հետ կապված ներկայում ՀՀ քննչական մարմիններում քննվում են քրեական գործեր, քննվում էր նաև իսպանական ընկերության կողմից հարկեր թաքցնելու դրվագ, սակայն չնայած այս ամենին, 2019-ին «Կորսան կորվիամ»-ն ինքն է դիմել արբիտրաժային հայցով՝ ընդդեմ Հայաստանի ու այս գործընթացը շարունակվում է։
«Արկադիս քոնսալթինգ»-ը կիրականացնի Հյուսիս-հարավի՝ իսպանական ընկերությանը հանձնված հատվածի աշխատանքների ձգձգումների, կառուցապատման/ շինարարական ծախսերի, ինչպես նաև ճանապարհահատվածների կառուցման տեխնիկական /որակական խնդիրների հետազոտման, վերլուծության և փորձագիտական եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներ»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։
Բացի այս փորձագիտական ծառայությունը, նախկինում կառավարությունը շվեյցարական Lalive ընկերությանը 2 միլիոն դոլար տրամադրելու որոշում էր կայացրել՝ արբիտրաժային դատարանում Հայաստանի շահերը պաշտպանելու նպատակով։