«Մաթեմատիկան աղջկա բան չէ»․ Գրագիտության համաշխարհային օրվա մտորումներ

Այսօր Գրագիտության համաշխարհային օրն է: Հայաստանը նշելու և անհանգստանալու շատ բան ունի:

Թումանյան փողոցն է: Գյումրվա սև սրբատաշ տուֆից այս պատմական շենքում, որը պետության պաշտպանության տակ է, այսօր գործում է թիվ 6 դպրոցը: Այն ունի 500 աշակերտ: Ժամանակին քաղաքի երևելի ընտանիքների դուստրերը սովորում էին այս շենքում գործող հանրահայտ Օլգինյան գիմնազիայում: Ղրիմի պատերազմից հետո Ալեքսանդր 2-րդ կայսեր նախաձեռնած լայնածավալ բարեփոխումներն ի թիվս այլ առաջադեմ քայլերի Ռուսաստանի կանանց համար բացել էր բարձրագույն կրթության դռներն այն ժամանակ, երբ Եվրոպայում կանայք զրկված էին այդ հնարավորությունից: Արդեն 1882 թվականին Ռուսաստանում 200 կին բժիշկ կար, մինչդեռ Անգլիայում կամ Ֆրանսիայում կին բժիշկների թիվը անգամ մեկ տասնյակի չէր հասնում, իսկ Գերմանիան կամ Ավստրո-Հունգարիան արգելում էր կանանց մուտքը համալսարան:

Համալսարանական բարեփոխումները, կանանց ազատականացված մուտքը բարձրագույն կրթություն, հանրային կարծիքը դարձրին ներառական և թուլացրին ընդհատակյա շարժումները: Եվրոպայում այդ ժամանակ, բարձրագույն կրթության անհասանելիության պայմաններում, ակտիվ կանայք պահանջում էին քաղաքական իրավունքներ: Այս ուղղությամբ Ռուսական կայսրության կանանց շրջանում պասիվությունը բացատրվում էր նաև բարձրագույն կրթության մատչելիության փաստով: Կայսրությունը ռուս-թուրքական պատերազմից հետո արդիականացման իր տեսլականով պայմանավորված հաջողությամբ կարողացել էր բարեփոխումներով ստեղծել մի միջավայր, որտեղ ընդդիմանալու ու ընդհատակ անցնելու փոխարեն ավելի մեծ թվով մարդիկ նախընտրում էին համագործակցել: Դրանց թվում էին նաև կանայք: Այս համատեքստում պատահական չէ տեսնել Նիկոլայ 2-րդի բարի կամքի դրսևորումը 1905 թվականին Ալեքպոլում՝ Կովկասյան ճակատում պաշտպանական իմաստով Կարսին հավասարազոր կարևորություն ունեցող քաղաքում բացել աղջիկների գիմնազիա: Բոլշևիզմն արդեն քայքայում էր կայսրության հիմքերն, ու ծայրամասը պետք էր ամուր պահել:

Հարացույցը միևնույն ժամանակ փոխվում էր: Մեկնարկել էր Երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը: Միացյալ Նահանգները լոկոմոտիվն էր: Փոխվել էր էներգիայի հիմնական աղբյուրը, գնացքն ու մեքենաները ձևավորում էին նոր ճանապարհային ցանցը, իսկ հեռախոսը կրճատել էր հաղորդակցության ժամանակն ու մեծացրել տարածությունը: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն կազմում էր 3,8 միլիարդ դոլար, իսկ ագրարային Ռուսաստանինը՝ մոտ երեք անգամ պակաս էր և շարունակում էր անկում ապրել:

Այսօր, աշխարհում դեռևս իրենց կրթության իրավունքն իրացնելուն է սպասում 129 միլիոն աղջիկ: Պատճառները շատ են: Աղքատությունը, վաղ ամուսնությունն ու աղջկա նկատմամբ բռնության վտանգի առկայությունը շատերին թույլ չի տալիս հաճախել դպրոց: Ապացուցված է, որ դպրոցը, ուսուցումն ու դրանց միջոցով ճանաչողության զարգացումը ազդում են անհատի զբաղվածության, եկամտի, կյանքի տևողության, իրավագիտակցության ու համապատասխան վարքագծի դրևորման, բարոյականության ձևավորման վրա: Միևնույն ժամանակ անհատի ճանաչողության զարգացումն ազդում է տնտեսական աճի և ազգային հարստության ձևավորման վրա: Մինչ աշխարհի կեսից ավելին պայքարում է աղջիկներին դպրոց ուղարկելու համար, Հայաստանում այս խնդիրն այլևս բանավեճի նյութ չէ: Ծաղկուտից մինչև Նռնաձոր ծնողներն ու կրթության պատասխանատուները չեն կասկածում, որ աղջիկ երեխան պիտի ուսում ստանա: Բայց չկա՞ արդյոք անհանգստանալու առիթ:

Հարացույցը միևնույն ժամանակ նորից փոխվում է: Փոխվում է կլիման: Մեկնարկել է Երրորդ արդյունաբերական հեղափոխությունը: Նորից փոխվում է էներգիայի հիմնական աղբյուրը՝ այս անգամ նավթագազայինից դեպի վերականգնվող աղբյուրներ, որի սահմանային ծախսը անշեղորեն մոտենում է զրոյին: Հեռախոսին փոխարինելու է եկել համացանցն ու անլար՝ լուսային արագությամբ հաղորդակցությունը: Տեղաշարժի փիլիսոփայությունը փոխվում է, վառելիքով տեղաշարժվող մեքենաներին փոխարինելու են գալիս էլեկտրականներն ու տեղաշարժի կոլեկտիվ կազմակերպման խնայող տարբերակները, որոնք առաջիկա քսան տարիների ընթացքում 80 տոկոսով կկրճատեն մեքենաների քանակը: Եվրոպան հայտարարում է Կանաչ գործարքի (The Green New Deal) և Խելացի Եվրոպայի (Smart Europe) մասին: Կառավարման ու իշխանության գործադրման ուղղահայաց մոդելները աստիճանաբար իրենց տեղը զիջում են կոլեկտիվ ու ցանցային լուծումներին, իսկ շահույթ հետապնդող աշխատանքին փոխարինելու է գալիս շահույթ չհետապնդող հանրօգուտ գործունեությունը: Թվային տնտեսությունը դառնում է իրականություն, որը նաև իրավաէթիկական նոր խնդիրներ է գոյացնում և կարող է արմատապես վերասահմանել ազատությունը: Առաջիկա քսան տարիները կանխորոշելու են պետությունների ու անհատների ապագան:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մասին նյութ էի գրում: 2016 թվականին այդ նպատակով այցելել էի Գյումրի: Սակավաթիվ տարեցներից ու առավոտից օղուց թեթևցած հատուկենտ զինվորներից բացի այլ մարդ չկար փողոցներում: Կանայք ի սպառ բացակայում էին: Մտա կենտրոն ու ապշեցի կանանց ու աղջիկների բազմությունից: Ինչ ասես չէին սովորում: Այն ժամանակվա քաղաքի գորշ ու հավանաբար կաղապարող իրողությունից պատսպարվելու ազատ ու անկաշկանդ տարածք էին հայտնաբերել: Բայց այս պատկերը վիճակագրությամբ չէր հաստատվում:

Մեր բուհերում ավելի մեծ թվով կանայք են սովորում: Մաթեմատիկայի ու բնագիտության ստուգատեսներում վիճակագրորեն աննշան, բայցևայնպես տղաներից ավելի բարձր արդյունքներ են արձանագրում: Միևնույն ժամանակ, երկրաչափական պրոգրեսիային նմանող աճ գրանցող ՏՀՏ ընկերությունների մեծ մասը բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը նշում է որպես հիմնական խոչնդոտ: Ապահով զբաղվածության, բարեկեցիկ կյանքի հեռանկարը չտեսնելու տալով, ավելի քիչ թվով կանայք են ընտրում մաթեմատիկաբնագիտական և ճարտարագիտական մասնագիտություններ: Այն տեսանելի, բայց շատերի համար անհասանելի հեռանկար է:

Հարյուր տարի առաջվա նման, երբ կրթություն ստանալու ցանկություն ունեցող աղջիկներին հասարակությունը հավանության չէր արժանացնում, որովհետև կնոջ առաջնային և միակ խնդիրը ամուսնուն կցորդված լինելն էր, հիմա էլ կնոջ համար աշխատանքային հաջողությունը առաջնային խնդիր չէ: Հասարակությունն իր սպասումներով անտեսանելիորեն ուղղորդում է անհատների որոշումները և որքան էլ մաթեմատիկան ու մյուս բնագիտաճարտարագիտական ուղղությունները մեծ հեռանկար չունենան, գիտությունն ու նորարարությունը կանանց հետ չի զուգորդվում:

Երեսուն տարի առաջ, երբ ես տեղափոխվում էի ճարտարագիտական համալսարանի լավագույն ֆակուլտետներից մեկը, դեկանն անթաքույց անհանգստանում էր: Մեծապես տղաներից բաղկացած բացառիկ կրթական ծրագրի առաջադիմությունը կարող էր անկում ապրել իմ այնտեղ գալով: 2017 թվականին էլ շատ բան չէր փոխվել: Խորացված հարցումներից մեկում մաթեմատիկական ուղղվածության կրթական ծրագրի ֆակուլտետի դեկանը ափսոսանքով նշում էր, որ վերջին տարիներին աղջիկների թիվը մեծացել էր: Դա նախանշում էր գիտության անկումը:Օլգինյան գիմնազիայի ֆրանսախոս աղջիկները իրենց ժամանակակից առաջադեմ կանանց նման գրագիտության հաղթահարման վանգարդն էին: Լեզուներ իմացող, տարբեր նյութերից օգտվելու կարողություն ունեցող մարդիկ, այդ թվում կանայք ապահովեցին արդյունաբերական հեղափոխության անցումից դուրս չմնալու իրողությունը: Այն ակնառու դարձավ երկու համաշխարհային պատերազմների համատեքստում: Հարյուր տարի անց էլ գրագիտության տիտղոսի պահպանումը երրորդ անցման ժամանակ ենթադրում է լեզուների շրջանակի մեծացում, որտեղ մաթեմատիկան դիտրակվում է որպես բազային լեզու թվային անցումից դուրս չմնալու համար: Եվ եթե այսօրվա ծնողները իրենց երեխաների համար երազում են բարեկեցիկ ապագա, ապա «մաթեմատիկան աղջկա բան չէ» մտայնությունից պիտի ազատվեն: Մաթեմատիկան միայն առարկա կամ գիտելիք չէ, այն հայերենի նման հաղորդակցական գործիք է: Ավելին, թվային աշխարհի լինգվա ֆրանկան է, որին պարտավոր են տիրապետել բոլորը:

Մեկնաբանել