Աղվան Հովսեփյանը կալանավորվել է

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆաելյանը:

Դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո, Ռաֆաելյանի խոսքով՝ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացնելու։

Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7-ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել և նա ձերբակալվել է։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը։

«Նա, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 000 000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 000 000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1 299 404 414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար»,- հայտնել էր ծառայությունը։

Աղվան Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահ էր 2014-2018թթ․, 2004-2013թթ․ զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։

Մեկնաբանել