Մենք պատրաստ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու խոսակցությանը․ Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին:

«Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու և սա արձանագրված է Ազգային ժողովի կողմից ընդունված ծրագրում և այդ ծրագրի իրագործումը, ահա, դարձել է աշխատանքային օրակարգ մեզ համար»,- ասել է նա։

Հյուսիսային և հարավային հարևանների հետ հաղորդակցության ուղիների կարևորությունը

Փաշինյանը նշել է, որ վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո արդեն հասցրել է այցելել Իրան, այսօր էլ մեկնում է Վրաստան։ Նրա խոսքով՝ թե Իրանի, թե Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման․ «Այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-հարավ նախագիծը, որն Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին։ Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ»։

Տարածաշրջանի ապաշրջափակման եռակողմ խմբի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

«Երկաթուղային կապի խնդիրը լուծելու համար՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ Հայաստանը տրամադրված է «վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա կարևորել է նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը։

Հայ-թուրքական հարաբերություններ

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններին, Փաշինյանը նշել է․ «Թուրքիայի նախագահի հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը։ Եվրամիությունը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»։

https://www.civilnet.am/news/630782/%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d5%be%d5%a5%d6%80%d5%bb-%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b2%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%b8%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%bf%d5%be%d5%ab%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/

Մեկնաբանել