Հայ զինվորների հանդեպ դաժանություններ գործած ադրբեջանցի սահմանապահները Սյունիքի ճանապարհներին են․ ՄԻՊ

Հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու՝ Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ ադրբեջանցի սահմանապահ ծառայողները կտրել են մահացած հայ զինվորի ականջը, հայ զինծառայողներին նաև կապել են մեքենաներին և քաշել են։

«Խոսքը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ 61 հայ զինծառայող Կապանից մեկնել են Կովսական և այնտեղ տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Արդյունքում, իհարկե, սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը գերեվարվել է։ Փաստերը վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ, որ միայն կենդանի անձանց նկատմամբ, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ։ Լուսնկարներում երևում է, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողները կտրել են սպանված հայ զինծառայողների ականջները»,- ասաց նա։

Թաթոյանի խոսքով՝ զեկույցում հատուկ լուսանկարներում ցույց է տրված, որ հայ զինծառայողներին նաև կապել են մեքենաներին և քաշել են։ Դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը։

«Սրանք այն զինծառայողներն են, որոնք այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին»,- նշեց Արման Թաթոյանը։

Մեկնաբանել