Մինսկի խումբը և Ռուսաստանի ու Ադրբեջանի մոտեցումները 2020-ի պատերազմից հետո

Սեպտեմբերի 6֊ին ճանաչողական այցով Հայաստան էր ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը: Ռուս դիվանագետը Երևանում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև Խովաևի և ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու արտգործնախարար Դավիթ Բաբայանի միջև: Խովաևը մինչ այդ այցելություն էր կատարել Բաքու, որտեղ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Խովաևի այցը տարածաշրջան լավ առիթ է դիտարկելու հետպատերազմյան փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ ի հայտ եկած նոր մոտեցումները:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Մինսկի խմբի դերն ու ազդեցությունը հակամարտության կարգավորման գործընթացում զգալիորեն նվազել է: Այդ կառույցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մեջ ևս փոփոխություններ են տեղի ունեցել:

Մոսկվան փորձում է ամրապնդել պատերազմի արդյունքում ձեռք բերած մենաշնորհը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում և զերծ պահել բոլոր արտաքին խաղացողներին տարածաշրջանում քաղաքական հարցերի շուրջ բանակցությունների միջնորդությունից: Ռուսաստանը սակայն կողմ չէ Մինսկի խմբի կազմալուծմանը, քանի որ վերջինս լեգիտիմության որոշակի աղբյուր է իր համար: Ռուսաստանը այս փուլում Մինսկի խումբը տեսնում է որպես հումանիտար և այլ ոչ քաղաքական գործառույթներ իրականացնող կառույց: Այսպես, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, սեպտեմբերի 2֊ին իր հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նշել էր․ «Մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երևանի եւ Բաքվի միջև վստահության ամրապնդմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը»: Զախարովան ակնարկել էր նաև, որ պետք է հաշվի առնել տարածաշրջանում փոփոխված իրողությունները:

Ի դեպ, այս հարցում Ռուսաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները բավական մոտ են: Ադրբեջանը Մինսկի խմբի հարցում ունի առավելապաշտական ու ավելի չափավոր մոտեցումներ: Առավելապաշտական տեսակետները հնչեցվում են պաշտոնական մակարդակով, երբ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ հակամարտությունը ավարտված է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս անելիք չունի: Մինսկի խմբի վերաբերյալ Բաքվի ավելի չափավոր ու իրատեսական մոտեցումները տեսանելի են ադրբեջանական լոբբիստների հրապարակած հոդվածներում:

Այսպես, Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը 2021 թվականի մարտի 26֊ին «Հակամարտությունների կարգավորման միջազգային կենտրոն» (ICRCenter) վերլուծական կենտրոնի կայքում հեղինակել էր «Մինսկի խումբը դեռևս դերակատարում ունի՞» վերտառությամբ հոդված, որի մեջ ցույց էր տալիս այդ կառույցի անարդյունավետությունը մինչպատերազմյան փուլում: Հոդվածի վերջում նա նշում է, որ Մինսկի խումբը պետք է վերաձևակերպի իր գործառույթները՝ փորձելով զբաղվել հակամարտության գոտու հետպատերազմյան վերականգնմամբ ու այդ նպատակի համար միջոցների հայթայթմամբ: Հոգլանդը վաշինգտոնյան Caspian policy center վերլուծական կենտրոնի խորհրդի անդամ է: Այս կառույցը Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն է իրականացնում Ադրբեջանի համար և աշխատում է ադրբեջանական հայտնի այլ լոբբիստների հետ: Հոգլանդի հնչեցրած մտքերը առաջին հերթին պետք է դիտարկել այդ տեսանկյունից:

Հետպատերազմյան այս նոր իրականության պայմաններում մեծ հավանականություն կա, որ ականատես լինենք 1990֊ականների սկզբի իրողությունների վերադարձին, երբ Ղարաբաղյան հակամարտության միջնորդությամբ զբաղվող մեկից ավելի առաքելություններ կային: Այս փուլում, սակայն, Ռուսաստանի դերն ու կշիռը շատ ավելի մեծ է լինելու: Մոսկվան դիմադրելու է հայ֊ադրբեջանական բանակցությունները նոր ձևավորված եռակողմ ձևաչափից դուրս բերելու ջանքերին: Մինսկի գործընթացը վերականգնելու համանախագահ երկու մյուս երկրների փորձերը ամենայն հավանականությամբ անարդյունավետ են լինելու, քանի որ լուրջ հակազդեցության են հանդիպելու Մոսկվայի ու Բաքվի կողմից: Իսկ միմիայն հումանիտար գործառույթներ իրականացնող Մինսկի խումբը ժամանակի ընթացքում կորցնելու է արդիականությունը:

․․․

ԵԱՀԽ-ն (ԵԱՀԿ) Ղարաբաղյան հակամարտության միջնորդությամբ սկսել է զբաղվել 1992 թվականին: 1992֊ի փետրվարին ու մարտին հակամարտության գոտի էին ժամանել կազմակերպության առաջին պատվիրակությունները։ Այս պատվիրակությունների զեկույցների հիման վրա 1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ խորրհրդի նիստի ընթացքում որոշում ընդունվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում հրավիրել խորհրդաժողով՝ 11 պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Շվեդիա), ինչպես նաև «որպես շահագրգիռ կողմեր Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչների» մասնակցությամբ։ Նույն թվականի ապրիլի 7֊ին խորհրդաժողովի նախագահ նշանակվեց Մարիո Ռաֆաելին: Ռաֆաելիի գլխավորությամբ ստեղծվեց Մինսկի խումբը, որի նպատակն էր նախաատարաստական աշխատանքներ տանել Մինսկի խորհհրդաժողովի անցկացման համար:

Մինսկի խորհրդաժողովը այդպես էլ տեղի չունեցավ, սակայն Մինսկի խումբը շարունակեց միջնորդական առաքելություն իրականացնել հակամարտության կողմերի միջև: Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Մինսկի խմբում համանախագահության ինստիտուտ գոյություն չուներ: Մինսկի խմբի Նախագահի հետ զուգընթաց անդամ երկրներից ակտիվ միջնորդությամբ զբաղվում էին Ռուսաստանն ու ԱՄՆ֊ն, ինչ֊որ փուլում՝ նաև Թուրքիան: Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը ԵԱՀԿ֊ից անկախ միջնորդական առաքելություն էր իրականացնում և հաճախակի այցեր էր կատարում տարածաշրջան՝ նպաստելով փաստացիորեն երկու զուգահեռ միջնորդական առաքելությունների գոյությանը: 1994 թվականի ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովում որոշում էր կայացվել Մինսկի խմբում համանախագահության ինստիտուտ ներդնելու մասին, որի կազմը իր վերջնական տեսքն է ստացել 1997 թվականին՝ Ֆրանսիայի ընդգրկմամբ: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը իր ինքնակենսագրական գրքում նշում է, որ Ռուսաստանը, չցանկանալով կորցնել իր մենաշնորհային դիրքը բանակցային գործընթացում, Բուդապեշտի գագաթնաժողովի ընթացում մեծ դիմադրություն էր ցուցաբերում համանախագահության ինստիտուտի ներդրման գաղափարին: Ավելին, ըստ Օսկանյանի, ռուսական կողմը ցանկանում էր համոզել հայկական պատվիրակությանը, որ վերջինս վետո դնի այդ որոշման վրա:

Մեկնաբանել