Վրաստանի համար կարևոր է Հայաստանի տնտեսական ու քաղաքական կայունությունը. Ղարիբաշվիլի

Սեպտեմբերի 8-ին երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային հարցեր:

Կողմերը հատկապես անդրադարձել են քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: «Կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում», – բանակցություների բովանդակության մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Ամփոփելով երկկողմ բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց, որ պաշտոնական Թբիլիսին մեծապես կարևորում է Հայաստանի քաղաքական և տնտեսական կայունությունը։ «Դա անմիջապես կապված է մեր երկրի կայունության հետ», – հավելեց նա՝ նշելով, որ Վրաստանի տարածաշրջանային նպատակները երեքն են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը խաղաղության կողմնակից է տարածաշրջանում և այդ համատեքստում հիշեցրեց այս տարվա հունիսին Թբիլիսիի միջնորդությամբ Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձի կազմակեպումը:

«Մի քանի ամիս առաջ, հատկապես իմ միջնորդությամբ, Հայաստանի վարչապետի անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին կարևոր փաստաթղթերի՝ քարտեզների տրամադրման հետ», – հիշեցրեց Ղարիբաշվիլին՝ նշելով, որ այս նախադեպը լավատեսության հնարավորություն է բացում:

Նա նաև պատրաստակամություն հայտնեց ապագայում ևս շարունակել միջնորդական ջանքերը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերականգնվի վստահությունը։

Հանդիպման ընթացքում, նկատեց Ղարիբաշվիլին, Հայաստանի առաջնորդի հետ քննարկել է նաև տնտեսական, առևտրային, տրանսպորտի վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում Ղարիբաշվիլին խոսեց Վրաստանի տարանցիկ ներուժի մասին, որը Թբիլիսին ցանկանում է ամբողջությամբ կյանքի կոչել։

Վերջում նա ասաց, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծել փուլերով՝ այդ ուղղությամբ ներդնելով միասնական ջանքեր: Հենց այդ ուղղությամբ էլ շարունակելու ենք աշխատել», – եզրափակեց Վրաստանի վարչապետը:

Տարածաշրջանում խաղաղության հաստատման, առևտրատնտեսական կապերի զարգացման ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով Փաշինյանը ամբողջությամբ համաձայնեց Վրաստանի վարչապետի մոտեցումների հետ: Նա նաև կարևորեց Վրաստանի միջնորդական ջանքերը այս տարվա հունիսին 15 հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի կազմակերպման համար:

«Այդ օրերին, երբ մենք քննարկում էինք, երևի մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով կապվել ենք, և դա նախընտրական քարոզարշավի շրջան էր, ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ երկու օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների», – հիշեց Նիկոլ Փաշինայնը:

Հայաստանի վարչապետը նաև նշեց, որ այսօրվա քննարկումների մի հսկայական մասը նվիրված էր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, ինչի վերաբերյալ «մենք՝ ես և մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեր ժողովրդի հետ խոսակցություն ենք ունեցել վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում»։

Փաշինյանը հաստատեց, որ քննարկել են տարանցման այն հնարավորութունները, որ գոյություն ունեն։ «Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա», – ասաց նա։

Համաձայն կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հայ-վրացական երկկողմ բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ կարևորվել է փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի ուղղությամբ շարունակական աշխատանքը։

Բանակցություններն անփոփելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրեց հավերժական կրակի մոտ:

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վրաստանի կառավարության ղեկավարի անունից՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի կտրվի պաշտոնական ճաշ: Սեպտեմբերի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բաթումի: Այնտեղ նախատեսված է մասնավոր ծրագիր:

Նույն օրը՝ ժամը 15:00-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Արշալույս Մղդեսյան, Թբիլիսի