Պատվաստումներ և ապատեղեկատվություն

Հայաստանում շարունակում են աճել կորոնավիրուսով վարակվածների և հիվանդությունից մահացածության թվերը։ Արձանագրվում է նաև հիվանդության երիտասարդացում: COVID-19 համավարակի մասին ամփոփ տվյալներ հրապարակող Worldometer կայքում երևում է, որ Հայաստանը սրընթաց շարժվում է դեպի համավարակի չորրորդ ալիքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, միջազգային գիտական համայնքը միաձայն պնդում են, որ համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է պատվաստվել և պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հունիսի 1-ից Հայաստանում բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվեց, բայց փակ տարածքներում պահանջը մնաց, իսկ օգոստոսի կեսերից նաև հայտարարվեց վերահսկողությունը խստացնելու մասին։ Այդուհանդերձ, հանրային վայրերում, հասարակական տրանսպորտում հատուկենտ են դիմակ կրող մարդիկ։

Հայաստանի քաղաքացիները նաև չեն շտապում պատվաստվել․ օրերս հրապարակված տվայլների համաձայն՝ պատվաստվել է մոտ 294 հազար մարդ, ընդ որում, այս թիվը ներառում է նաև Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին, որոնք շատ ավելի մեծ պատրաստկամություն են ցուցաբերում պատվաստման հարցում։ Տարածաշրջանում Հայաստանը պատվաստման ցուցանիշով վերջին տեղում է։

Ուսումնասիրելով սոցցանցերում քաղաքացիների գրառումներն ու մեկնաբանությունները՝ կարող ենք փաստել, որ հայաստանցիները լուրջ չեն ընդունում հակահամաճարակային միջոցները, իսկ պատվաստանյութը համարում են անիմաստ, երբեմն էլ՝ վտանգավոր մի բան։

Խնդրում մեղքի բաժին ունեն իշխանությունները, որոնք անցած տարի՝ համաճարակի սկզբնական շրջանում, հանդես եկան հակասական մեկնաբանություններով կասկածի տակ դնելով թե՛ հիվանդության վտանգավորությունը, թե՛ դիմակների արդյունավետությունը։ Սրան գումարվում էին քաղաքական ընդդիմության և ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող մամուլի փորձերը՝ խոչընդոտելու համավարակի դեմ պայքարի ջանքերը և իշխանություններին ներկայացնելու որպես ոչ կոմպետենտ:

Կորոնավիրուսի մասին կեղծ պնդումներ են շրջանառում են նաև մի շարք բժիշկներ, որոնք, որպես կանոն, ունեն քաղաքական ակտիվ կողմնորոշում և առաջադրվել էին 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Օրերս ՍիվիլՆեթն անդրադարձել էր նրանցից մի քանիսին․

Covid-19-ի մասին ապատեղեկատվություն հաճախ տարածում են նաև շարքային քաղաքացիները, ֆեյսբուքյան օգտատերերը։ Այս հարցում մեծ ակտվիությամբ է աչքի ընկնում, օրինակ, ֆեյսբուքյան օգտատեր Հրայր Կոստանյանը, որը պարբերաբար տարածում է մանիպուլյատիվ կամ կեղծ նյութեր կորոնավիրուսի և պատվաստանյութերի դեմ։ Վերջերս նա, մասնավորապես, տարածել էր Թիկթոքյան մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են կենդանիների չիպավորման ապարատով մի կնոջ թևի մեջ միկրոչիպ հայտնաբերում։

Տեսանյութը Ֆեյսբուքի, Ինստագրամի անգլալեզու հատվածում շրջանառվում էր դեռ հունիսից։ Փաստերի ստուգմամբ զբաղվող Politifact կայքը դրան անդրադարձել էր և պարզել, որ տեսանյութի հեղինակն այն հրապարակել է որպես կատակ և խիստ վրդովվել էր, երբ պարզել էր, որ պատվաստման դեմ հանդես եկող ինչ-ինչ անձինք ու խմբեր դա տարածում են որպես չիպավորման ապացույց։

Փաստն այն է, որ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունը ամեն տեղ է՝ պաշտոնական աղբյուրներից մինչև քաղաքական ընդդիմություն, քաղաքականացված բժիշկներից մինչև դիտումների մեծ թվի հաշվին լսարան ու գումար վաստակող վիդեոբլոգերներ ու «կատակասերներ»։

Եվ մինչ համավարակի չորրորդ ալիքը մոտենում է, սոցցանցային հասարակությունը դիմակ կրելու և պատվաստվելու փոխարեն զբաղվում է լայքելով ու քոմենթելով․․․