Արշակ Կարապետյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատներին

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հարազատների մտահոգություններն ու առաջարկները։ Կարապետյանն իր հերթին հայտնել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։

«Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում հարազատների կողմից բարձրացված հարցերի շուրջ պաշտպանության նախարարը խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին հանձնարարել է ուսումնասիրել և զեկուցել մանրամասները։ Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական կլինեն։ Նա վստահեցրել է, որ խնդիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել