Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում․ այսպիսի հայտարարոթյուն է արել խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մուրադովը դրական է գնահատել առաքելության աշխատանքը և հավելել․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է»,- ասել է նա։

Զինվորականը շարունակել է․ «Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»։

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության նոր հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։ Սեպտեմբերի 9-ին նրան ընդունել է ՀՀ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանը։

2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության չորրորդ կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում։ Խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Մեկնաբանել