Խտրական և անհավասար. նախագահից, վարչապետից, պատգամավորներից ու դատավորներից ՊՇՌ թեստ կամ պատվաստում չեն պահանջելու

Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով սահմանվում է հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու նոր հիմք: Այն է՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը` պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ։ Շատերը քննադատում են օրենսդրական փոփոխությունները՝ անվանելով դրանք խտրական: Նախագիծն այս տեսքով ընդունվելու դեպքում այն տարածվելու է հանրային բոլոր պաշտոնյաների վրա, բացի բարձրաստիճան և ընտրովի պաշտոնատար անձանցից:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծում նշվում է, որ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը հանրային իշխանության մարմիններում աշխատող անձանց կողմից պայմանավորված է մի շարք այլ հանգամանքներով:

«Օրինակ՝ այս մարմինների աշխատողները կազմում են զբաղվածություն ունեցող բնակչության բավականին զգալի թիվը (շուրջ 246,900 անձ՝ 2019թ. տվյալներով), ինչպես նաև պարբերաբար շփումների մեջ են գտնվում հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ և այլն: Ուստի, այդ անձանց կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը կարող է էական ազդեցություն ունենալ վարակի դեպքերը նվազեցնելու և հանրային իշխանության մարմինների գործունեությունը պատշաճ կազմակերպելու գործընթացում», – ասված է հիմնավորման մեջ:

Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր՝ աշխատանքի ներկայանալու համար՝ կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

«Հատկանշական է, որ առաջարկվող կարգավորումով հանրային իշխանության մարմիններում ծառայողներին և աշխատողներին հնարավորություն է տրվում ողջամիտ ժամկետում փոխել իրենց վարքագիծը՝ օրենքով նախատեսված անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար», – ասված է նախագծում:

Այնուհետև նախագծում նշվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց վրա նոր կարգավորումները չեն տարածվելու: Ուստի այդ պաշտոնյաների համար անհրաժեշտ չէ աշխատանքի ներկայանալու համար ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Այս բացառությունը շատերը համարում են խտրական:

Նախագծով սահմանված պարտականությունը տարածվում է նաև քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների։

Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սյս կարգավորումների կիրառումից սահմանված բացառությունը Արդարադատության նախարարությունը հիմնավորում է պաշտոնյաների վերադաս մարմին չունենալու հանգամանքով, որը «նշանակում կամ ազատում է նրանց զբաղեցրած պաշտոնից»:

«Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից», – ասված է օրենսդրական փոփոխությունների նախագիծ հիմնավորման մեջ:

Մեկնաբանել