Դատարանը մերժել է 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը, նա ազատ է արձակվել

Դատարանի մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մարինե Մալախյանի ձերբակալությունը։ Դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել։

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենի և ուսուցչի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության հետքերով քրեական գործ է հարուցել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: Սեպտեմբերի 9-ին Մարինե Մալախյանը ձերբակալվել էր։

«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար, 2019 թվականի օգոստոսին իր աշխատասենյակում ոստիկանություն հրավիրված կնոջից որպես կաշառք պահանջել է 1 500 դոլար, որից 1 000 դոլարը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարն անձամբ տվել է տնօրենին»,- ասված էր ոստիկանության հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 3-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Մարինե Մալախյանին 122 դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել:

Մեկնաբանել