Լիբանանը նոր կառավարություն ունի, կա մեկ հայ նախարար

Լուսանկարում՝ Նաջիբ Միքաթին

Սեպտեմբերի 10-ին Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել՝ Հասան Դիաբի կառավարության հրաժարականից ավելի քան մեկ տարի անց։ Ինչպես նշվում է, նախագահ Միշել Աունն ու վարչապետի թեկնածու Նաջիբ Միքաթին ստորագրել են նոր կառավարություն ձևավորելու հրամանագիր։ 24 նախարարից բաղկացած կաբինետում կա մեկ հայ՝ արդյունաբերության նախարար Ճորճ Փուչիկեանը։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Հասան Դիաբի հեռացող կառավարության օրինակով նոր կաբինետը պետք է կազմված լինի տեխնիկական պատրաստվածությամբ օժտված գործիչներից, ովքեր հայտնի քաղաքական դեմքեր չեն, այլ առաջադրվել են գլխավոր կուսակցությունների կողմից։

Միքաթին նախկինում երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը և համարվում է երկրի ամենահարուստ մարդը։

Լիբանանի կառավարության ղեկավարը հայտարարել է հաջորդ տարի համընդհանուր ընտրությունների անցկացման մասին։

Լիբանանը ներկայում գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի ճիրաններում. չկա էլեկտրականություն, վառելիք, առկա է պարենի ճգնաժամ։

Ինչպես նշում է լիբանանյան Daily Star լրատվականը, կառավարության ձևավորման լուրերի ֆոնին գրանցվել է լիբանանյան ֆունտի կտրուկ կայունացում։

Մեկնաբանել