Ալիևի մոխրոտիկյան տնտեսությունը. կառքից՝ դդում

Էրիկ Հակոբյանն իր հերթական հեղինակային հաղորդմանը բացատրում է, թե ինչու է Ադրբեջանի տնտեսությունը ապագայում կանգնելու մեծ մարտահրավերների առաջ: Նա ներկայացնում է Ադրբեջանի տնտեսական հետագիծը, մասնավորապես, էներգետիկ ոլորտը, խոսում այն մասին, թե ինչու Հայաստանի տնտեսությունը կարող է առաջիկա տարիներին առաջ անցնել Ադրբեջանից:

Ի տարբերություն նախորդ շաբաթների, երբ մենք քննարկում ենք շաբաթվա իրադարձությունները, այս շաբաթ խորությամբ կուսումնասիրենք Ալիևի տնտեսությունը, կարճաժամկետ և երկարաժամկետ առումներով այդ տնտեսության ներուժը, և թե ինչպես է երկրի տնտեսության վիճակը ազդում Ալիևի որոշումների կայացման վրա, մասնավորապես՝ պատերազմը և Հայաստանի սահմաններին նրա մշտական ագրեսիան։

Մի քանի շաբաթ առաջ համացանցում կարդացի Ալիևի խոսքից մեջբերում, որում նա բողոքում էր ԵՄ-ի՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանին ցուցաբերվելիք 2,5 միլիարդ եվրոյի աջակցության ծրագրից։ Ավելին, նա գանգատվում էր, որ այս պատերազմի զոհը Ադրբեջանն է՝ տրամաբանությունը գլխիվայր շուռ տալով, իբրև ցեղասպան ագրեսորն է զոհը։ Այսինքն, մենք գործ ունենք նման մտածելակերպի հետ, ինչևէ։

Հետաքրքիր է, որ տնտեսական առումով Ալիևը զուսպ լինելու կոչ է անում՝ կատարելով բյուջետային կրճատումներ, ինչը հուշում է մեզ, որ նրա տնտեսությունը ֆինանսական առումով սեղմված է։

Այս տարածաշրջանի ո՞ր երկիրն ունի ամենամեծ ներուժը։ Փորձենք պատասխանել այդ հարցին այս հաղորդման շրջանակում՝ լուսաբանելովանդրադառնալով բավական բարդ տնտեսագիտական խնդիրների, ինչը կարող է փոքր-ինչ ձանձրալի թվալ, ուստի մենք դա կանենք հնարավորինս պարզեցված։

Երբ նայում ենք Ադրբեջանի տնտեսությանը, այն զուտ նավթ ու գազ է, ընդհանուր առմամբ նրանք չունեն այլ արտադրողական տնտեսություն, որը նրանց եկամտի աղբյուր կհանդիսանար։ Չկա նաև հեռանկար, որ առաջիկա տասնհինգ-քսան տարում նրանք կստեղծեն նման տնտեսություն, բացատրեմ՝ ինչու։

Նախ, հստակ դիտարկենք նավթի ու գազի ոլորտի ազդեցությունը Ադրբեջանի տնտեսության վրա։ Այդ ոլորտը նախևառաջ վաստակում է ամբողջ միջազգային արտարժույթների 95 տոկոսը, որոնցով կատարվում են առևտրային գործարքներ։ Երկրորդ, պետական եկամուտների 75 տոկոսը գալիս է այս ոլորտից։ Բացի այդ, նրանց ամբողջ ՀՆԱ-ի 50 տոկոսը կապված է նավթի ու գազի հետ։

Դիտարկենք նաև կարևոր հարկաբյուջետային խնդիրներ։ Տնտեսության մեջ գոյություն ունի նավթի արդյունահանման արժեք հասկացությունը։ Դա այն արժեքն է, որը ծածկում է այն արդյունահանելու համար արված ծախսերը։ Ադրբեջանի դեպքում այդ թիվը մեկ բարելի համար 82 դոլար է, ինչը նշանակում է, որ մեկ բարելը պետք է այդ գնադրումն ունենա, որպեսզի Ադրբեջանը կարողանա ծածկել նավթի արդյունահանման ծախսը։

Երկրորդը՝ արտաքին ծախսածածկման գինը, (external breakeven price) այն արժեքը, որը պետք է ունենա նավթը՝ բյուջեի արտաքին դեֆիցիտի չհասնելու և արտարժույթի պահուստը չծախսելու համար։ Ադրբեջանի դեպքում այդ թիվը 98 դոլար է մեկ բարելի համար, ինչը աշխարհում ամենաբարձրներից է։ Քանի որ երկիրը նավթից ու գազից բացի ուրիշ բան չի արտադրում, նրանք պետք է ամեն ինչ ներկրեն։ Սա աստիճանաբար հանգեցնում է երկրի արժույթի արժեզրկման, ինչն իր հերթին նշանակում է կենսամակարդակի անկում, որովհետև մարդկանց ունեցած գումարը մեծապես արժեզրկվում է։ Հուլիսին «Բլումբերգ» պարբերականում հրապարակվեցին հոդվածներ, ըստ որոնց՝ Ադրբեջանում արտարժույթների առքը սովորական քաղաքացիների համար սահմանափակվում էր։

Այս ամենը կատարվում է աշխարհում նավթի բարելի ներկայիս գների համատեքստում։ Այդ արժեքը այժմ մեկ բարելի համար տատանվում է 65-70 դոլարի շրջանակում։ Ինչպես նշեցինք, Ադրբեջանը պետք է մեկ բարելը վաճառի շատ ավելի բարձր գնով, որպեսզի կարողանա ծածկել արդյունահանման ծախսերը և պահել արտարժույթի պահուստները։ Իսկ այս դեպքում նրա տնտեսությունը անընդհատ ճնշման տակ է, ինչը երկարաժամկետ առումով ակնհայտ պակասորդ կհանգեցնի։

Եկեք այժմ դիտարկենք վերջին տասը տարիներին Հարավային Կովկասի երեք պետությունների տնտեսական աճն ու ցուցանիշները։ Այդ համատեքստում վատագույն երկիրը Ադրբեջանն է։ 2010-2019թթ․՝ տասը տարիների կտրվածքով, միջին տնտեսական աճը եղել է 1,1 տոկոս, ինչը նշանակում է՝ աճի բացակայություն, նույնիսկ բացասական աճ։ Համեմատության համար՝ սա նվազագույն ցուցանիշն է եվրոպական բոլոր երկրների շարքում (չնայած վիճելի է, որ Ադրբեջանը եվրոպական երկիր է), և շատ ավելի ցածր՝ աշխարհում ամենացածր տնտեսական աճ գրանցած այնպիսի երկրների ցուցանիշից, ինչպիսիք են Աֆղանստանը, Արգենտինան ու Կուբան։

Հայաստանի տնտեսությունը նույն ժամանակահատվածի համար աճել է միջինը 4,2 տոկոսով, իսկ Վրաստանինը՝ 4,3 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ 2010-ին ադրբեջանցիների եկամուտը գրեթե 50 տոկոսով ավելին էր, քան հայերինը կամ վրացիներինը։ Այսօր ադրբեջանցիները հարավկովկասյան ամենաաղքատ ժողովուրդն են, և այս ամենը տեղի է ունեցել անցած տասը տարիների ընթացքում։

Վերջին քսանհինգ տարում Ադրբեջանն ունեցել է մեկ քառորդ տրիլիոն դոլարի եկամուտ, այսինքն՝ հսկայածավալ հարստություն, որը իրականում սովորական մարդկանց կյանքի վրա որևէ դրական ազդեցություն չի ունենում։ Բացի այդ, ադրբեջանցիները նաև ամենաանազատ ժողովուրդն են Հարավային Կովկասում։

Ինչո՞ւ է սա կարևոր․ որովհետև ամբողջ աշխարհում բանաձևը հետևյալն է՝ ազատությունը սովորաբար ուղիղ համեմատական է բարգավաճման հետ, իսկ աղքատությունը՝ տոտալիտարիզմի։ Բացառություն են մի քանի երկրներ, օրինակ՝ Չինաստանը, որովհետև այն ինքն իրենով համաշխարհային տնտեսություն է, և Արաբական էմիրությունները ու Կատարը, որոնք ունեն շատ փոքրաթիվ բնակչություն և հսկայական հարստություն։ Ուստի սա է պատճառը, որ ասում եմ՝ Ադրբեջանը չի փոխի իր ներկայիս հետագիծը, որովհետև այս միտումը ոչ միայն կմնա, այլև կարագանա հաջորդ 15-20 տարիներին, բացառությամբ այն դեպքի, եթե նրանք կարողանան տապալել ներկա վարչակարգը, ինչը գրեթե անհավանական է, կամ նոր կառավարություն գա իշխանության, որն իրականում մտածում է ժողովրդի մասին։

Նայենք Հայաստանի ցուցանիշներին։ 2017-2019թթ․՝ նախակովիդյան շրջանում, Հայաստանը ունեցավ Եվրոպայում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը։ Ընդ որում, 2019թ․ Հայաստանն ունեցավ ամենաարագ տնտեսական աճը Եվրոպայում՝ 6,7 տոկոս աճ։

Առաջիկա հեռանկարում, եթե Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշներն ու կառավարման ձևը մնան նույնը, իսկ Հայաստանը առաջիկայում վերադառնա երկու-երեք տարի առաջ ունեցած աճի տեմպերին ու կարողանա այդպես շարունակել ևս վեց-յոթ տարի, երկու երկրների միջև տնտեսական հավասարակշռությունը կտրուկ կերպով կարող է փոխվել, ավելի ակնհայտ կդառնա նաև միջին վիճակագրական հայի ու վրացու և միջին վիճակագրական ադրբեջանցու կենսամակարդակների միջև տարբերությունը։ Սա իր հերթին, ի վերջո, Ալիևին խոշոր քաղաքական մարտահրավերների առաջ կկանգնեցնի։

Ալիևի տնտեսության առաջ ծառացած խնդիրները չեն զարգանում վակուումում, դրանք մաս են կազմում համաշխարհային շատ ավելի խոշոր միտումների, որոնք կապ ունեն արդեն իսկ և առաջիկա 25-30 տարիներին նավթի ու գազի արդյունաբերության առջև ծառացող խնդիրների հետ, գոյաբանական խնդիրների։

Ադրբեջանում տարիներ շարունակ անկում է ապրում նավթարդյունաբերությունը։ Նրանք հույս ունեն, որ նավթը կփոխարինվի բնական գազով՝ որպես երկրի եկամտի աղբյուր։ Երկրում նավթի արդյունաբերությունը պետք է իր գագաթնակետին հասներ 2015-ին, սակայն իրականում դա եղավ 2011-ին և այդուհետ սկսեց անկում ապրել։ Այսինքն, ոչ միայն նրանց առաջնային ապրանք-էներգակիրը արժեզրկվում է, այլև այն գնալով նվազում է քանակապես։

Ինչ վերաբերում է բնական գազի շուկային՝ աշխարհի մակարդակով Ադրբեջանը փոքր գազ արտադրող է։ Տրանսանատոլիական գազատարը` TANAP-ը, կապահովի Եվրոպայի գազի պահանջարկի երկու տոկոսը։ Ռուսաստանի, Կատարի ու Իրանի համեմատ՝ սա չնչին է։ Ընդ որում, երկարաժամկետ կտրվածքով աշխարհում շատ հնարավոր է, որ լինի գազի ավելցուկ՝ միջերկրական պաշարների հաշվին՝ բնական գազ Իսրայելից, Հունաստանից, Կիպրոսից, Եգիպտոսից։ ԱՄՆ-ը ևս դառնում է հեղուկ բնական գազի խոշոր արտահանող։ Գազի գները տարբեր են, որոշվում են ոչ թե օրվա կտրվածքով, այլ կնքված պայմանագրերով։ Վերջերս եղան գազի գնի բարձրացումներ, բայց դա երկար չի տևի։

Էներգիա արտադրող երկրների ավելի համապարփակ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք շատ ավելի հարուստ էին 30-40 տարի առաջ, որովհետև այդ էներգակիրների գները, համեմատած այլ ապրանքների գների հետ, անկման մեջ են։ Պարզ համեմատություն՝ 1980թ․ ավտոմեքենայի միջին արժեքը մոտ 7 000 ԱՄՆ դոլար էր, իսկ նավթի բարելի միջին արժեքը՝ 40 դոլար։ 41 տարի անց ավտոմեքենայի միջին արժեքը 37 000 դոլար է, իսկ նավթի բարելինը՝ 65-70 դոլար։ Այսինքն, բոլոր էներգակիր արտադրողները պետք է շատ ավելի շատ արտարդեն՝ արդյունաբերական ապրանքներ գնելու համար։ Նավթային ոլորտի ամենամեծ խոչընդոտներից մեկը կարող է դառնալ էլեկտրոնային մեքենաների արտադրությունը, որի մասին առավել մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդման մեջ։

Որպես այս ամենի պարզ ամփոփում՝ մենք պետք է մտածենք Իլհամ Ալիևի մասին որպես Մոխրոտիկի։ Ներողություն եմ խնդրում Մոխրոտիկից և աշխարհում նրա երկրպագուներից։ Այս դեպքում Ալիևի կառքը նրա տնտեսությունն է, որը վերածվելու է դդումի։ Հարցը «եթե-ն» չէ, այլ «երբ-ը»։ Ալիևը ստիպված եղավ անցած տարի պատերազմ հրահրել, քանի որ այս ժամանակաշրջանում Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ուներ առավելագույն տնտեսական, քաղաքական և ռազմական առավելությունը։ Իսկ այդ առավելությունը ամենայն հավանականությամբ կվերանա առաջիկա 5-10 տարիների ընթացքում, տարի առ տարի։

Ալիևի բոլոր գործողությունները պետք է դիտարկել ոչ թե իր ունեցած ուժի, այլ ապագայի հանդեպ վախի՝ թուլության տեսանկյունից։ Մեզ համար կարևոր է հասկանալ հետևյալը՝ նա չի կարողանա հինգ տարի անց պահանջել այն, ինչը պահենք և չզիջենք հիմա։ Ալիևը գիտի, որ ինչ գողացել է անցած տարի, չի կարողանալու երկար պահել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի