Կրթություն կարող եք ստանալ, աղջիկնե՛ր, բայց մնացեք խոհանոցում

Ամեն տարի, երբ սեպտեմբերին ազդարարվում է նոր ուսումնական տարվա մեկնարկը, դպրոց են գալիս առաջին դասարանցիները։ Նրանք մուտք են գործում կրթօջախ ու ստանում առաջին դասագիրքը՝ Այբբենարանը։ Անհամբեր, սպասումով լի փոքրիկների աչքերը վազում են գունազարդ էջերով և արագ փորձում պատկերացում կազմել կրթության բովանդակության մասին, ու ի՞նչ․․․

Կրթօջախում, ինչպես ընտանեկան օջախում, նկարազարդ գրքում հայրիկն իր սիրած բազմոցին նստած թերթ է կարդում, իսկ մայրիկը՝ խոհանոցում ճաշ է պատրաստում։ Եվ հենց տարրական դպրոցի դասագրքերից էլ սկսվում է դերաբաշխումը, խտրականությունը, տղամարդկային ու կանացի համարվող աշխատանքի, մասնագիտության, կերպարների ամրապնդումը։

Կրթական համակարգում դասագրքերի պատկերները ցուցադրում են ուժեղ, կամային հատկանիշներով օժտված արական կերպարների և տնային հոգսերի մեջ թաթախված իգական սեռի ներկայացուցիչների։ Այբբենարանի պատկերներում հայտնվող մայրիկը խոհանոցում կերակուր է պատրաստում, իսկ աղջիկ երեխան օգնում է նրան։ Եթե նույնիսկ երեխաները բնության գրկում են, ապա տղաները ակտիվ խաղում են՝ լողում, վազվզում, ծառ մագլցում, իսկ աղջիկները՝ մայրիկների օրինակով, լծվում կերակուր պատրաստելու կանացի գործին, կարծես աղջիկ երեխան կարիք չունի ակտիվության, չի կարող գնդակ խաղալ կամ լողալ, նա հենց սկզբից պետք է ունենա կերակրողի պարտականություն։

Դասագրքերում քիչ չեն երջանիկ, խաղաղ, «օրինակելի ընտանիքի» պատկերները՝ հստակ բաժանված դերերով, որտեղ տատիկները գուլպա են գործում, թեև վաղուց ես չեմ ճանաչում տատիկների, որոնք գուլպա գործել ընդհանրապես գիտեն, պապիկները հեռուստացույց են դիտում։ Դե, իհարկե, տատիկը չի կարող պապիկի հետ պարզապես հեռուստացույց դիտել։ Նա պարտադիր պետք է իգական դերին համահունչ գործով զբաղվի։ Կնոջը հեռուստացույցի առաջ հանգիստը վայելելը հակացուցված է։ Պատկերված իդեալական ընտանիքը համախմբող որևէ զբաղմունք չկա, ընտրված է ընտանիքը միմյանիցից բաժանող մոտեցումը՝ շյուղերը ձեռքին տատիկ, հեռուստացույց դիտող պապիկ, թերթ կարդացող հայրիկ, կերակուր պատրաստող մայրիկ, ու նույնիսկ տարբեր սեռերի երեխաները միասին որևէ բան չեն խաղում, աղջիկը՝ տիկնիկ, տղան՝ մեքենա։ Ընտանիքը զուտ ֆիզիկապես է գտնվում նույն տարածքում, ընդ որում՝ մի քանի սերունդ նույն բնակարանում, որտեղ ամեն մեկն իր դերն է կատարում՝ չնկատելով մյուսի գոյությունը։

Այս մոտեցումը խիստ վնասակար է գենդերային կարծրատիպերի ամրապնդման ու նաև հասարակության, պետության կառուցման տեսանկյունից։ Միասին որևէ գործողություն կատարել, թեկուզ նայել հեռուստացույց, լոտո, շախմատ խաղալ կամ պարել, երգել, նվագել, չեն պատկերում, դա մեր ընտանիքներում չի կարող պատահել։ Մեր երջանկությունը տարանջատված է, մեր երջանկությունը մեր հստակ դերաբաշխված պարտականություններն են։

Ինչ վերաբերում է դասագրքերում պատկերվող մասնագիտություններին, ապա կանանց վերապահված են ուսուցչուհու, պարուհու, վաճառողի, հացթուխի, կար ու ձև անողի, տնային տնտեսուհու դերերը, շատ հազվադեպ կարելի է հանդիպել նաև բուժքույրերի: Առավել լուրջ և բազմազան է տղամարդկանց մասնագիտական ցանկը՝ երաժշտից սկսած մինչև գիտնական, շինարար, վարորդ, նկարիչ, տիեզերագնաց ու ոստիկան։ Եվ եթե տղաները կարող են անկախ ներկայանալ, ապա կանանց կերպարները զուգորդվում են կենցաղային հոգսերով։

Գերիշխողը մայրիկի կերպարն է, որն այնպես է տարված խոհանոցային գործերով, որ նույնիսկ նկարից կարելի է կերակրատեսակի բուրմունքը զգալ։ Այդ բուրմունքի մասին նույնիսկ տեքստեր կան դասագրքում, երբ երեխային փորձում են բացատրել քթի ֆունկցիան, որով նա զգում է մայրիկի թխած կարկանդակների համադամ հոտը։ Իսկ աղջիկ երեխան կամ օգնում է մայրիկին, կամ էլ՝ տիկնիկ է խաղում։ Քնքուշ ու լալկան աղջիկները դասագրքերում հակադրվում են չարաճճի, ինքնուրույն ու համարձակ տղաներին։

Եվ որքան էլ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության դիմաց «Անվախ աղջկա» արձանը կանգնեցնենք, մեր դասագրքերը բոլորովին այլ աղջիկներ ու կանայք են պատկերում, որոնց հետ մեր երեխաները շփվում են ամեն օր՝ ընդօրինակելով դրանք։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու կանայք քիչ են քաղաքականության, գիտության ու տնտեսության մեջ։ Նրանց կրթության հենց առաջին օրվանից ցույց են տվել իրենց տեղը՝ խոհանոցը։

Մեկնաբանել