Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ չեն ընթանում․ ՀՀ ԱԳՆ

Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ չեն ընթանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ»,- նշեց ԱԳՆ խոսնակը։

Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները վերջին շրջանում հրապարակայնորեն հայտարարում են հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, թե «Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանի խաղաղության համար առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և այդ ուղղությամբ Հայաստանի դրական քայլերի պարագայում Թուրքիան համարժեք կարձագանքի»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի նիստում հայտարարել էր, որ «Թուրքիայի կողմից որոշակի դրական հրապարակային ազդակներ կան»: Փաշինյանն ասել էր, որ դրական ազդակներին Հայաստանը դրական ազդակներով կպատասխանի։

Մեկնաբանել