Փաշինյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է 2,6 մլրդ եվրո աջակցության և ԼՂ կարգավորման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

«Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում Կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ: Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին: Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը․ «Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ»։

Մեկնաբանել