Փաշինյանն ու Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը քննարկել են ԼՂ կարգավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:

Ըստ ՀՀ վարչապետի կայքի՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:

Նույն օրը Ստեֆան Վիսկոնտիի հետ հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հանդիպման առանցքային թեման էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակը: Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի համանախագահի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։Զրուցակցիներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը սատարում է 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններում հնչեցված դիրքորոշումը, մասնավորապես՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 6֊ին ճանաչողական այցով Հայաստան էր ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը: Ռուս դիվանագետը Երևանում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև Խովաևի և ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու արտգործնախարար Դավիթ Բաբայանի միջև: Խովաևը մինչ այդ այցելություն էր կատարել Բաքու, որտեղ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Մեկնաբանել