Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ կարգավորման և գերիների հարցերը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Իվան Կորչոկի հանդիպումը։

Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի հայտարարությունում Արարատ Միրզոյանը ասաց, որ Իվան Կորչոկի հետ խոսել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, այդ օրերին թույլ տրված հանցագործությունների մասին։

«Խոսել ենք Ադրբեջանի՝ եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մասին: Մասնավորապես, դա վերաբերում է հայ ռազմագերիներին և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելուն: Անդրադարձել ենք նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, Ադրբեջանի սադրիչ գործողություններին, Հայաստանի տարածքներ ներթափանցելուն: Խոսել ենք բոլոր առկա խնդիրները խաղաղ, բանակցությունների ճանապարհով լուծելու մասին, մասնավորապես, ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասաց Միրզոյանը:

Սլովակիայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ գնահատում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ Հայաստանի նոր կառավարության ջանքերը։

«Մենք լայնորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հարցը, ինձ հետաքրքիր էր իմանալ իմ գործընկերոջ տեսակետները դրա շուրջ։ Մեծապես կարևոր է ձեռնպահ մնալ սրացման պոտենցիալ ունեցող ցանկացած գործողություններից, ինչպես նաև պետք է լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասաց նա։

Իվան Կորչոկի հայտնեց, որ Սլովակիոն՝ որպես Եվրամիության երկիր, շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

«Ողջունում ենք վերջերս վստահությունը ամրացնող քայլերի իրականացում, ներառյալ՝ հայ ռազմագերիների վերադարձը։ Պետք է շեշտեմ, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի։ Եվ պետք է թույլ տալ ականազերծում իրականացնել՝ պաշտպանելու մարդկանց կյանքերը և կանխելու լրացուցիչ կորուստները»,- նշեց Կորչոկը։

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Մեկնաբանել