Բարձրագույն ղեկավարների և ընտանիքների բժշկական սպասարկում, առաջարկվում է նախագծով

Հանրապետության նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները պետական բյուջեի հաշվին կստանան բժշկական օգնություն ու սպասարկում․ այս նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում։

Նախագիծը ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայությունը՝ փաթեթով։ Հիմնական փոփոխությունները վերաբերում են պետական պահպանության ծառայությանը։ ԱԱԾ-ն առաջարկում է այդ ծառայությունը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այսպիսով այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:

Սրան զուգահեռ փոփոխություն է առաջարկվում երկրի ղեկավարների բժշկական սպասարկման ոլորտում։

Նախկին իշխանության օրոք ամրագրվել էր, որ հանրապետության նախագահի ու վարչապետի «առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ»։ Ներկայում կառավարությունն ավելի հեռուն է գնում՝ առաջարկելով ոչ միայն հարկատուների հաշվին բժշկական օգնություն ու սպասարկում ապահովել նախագահի, վարչապետի ու նրանց ընտանիքի անդամներին, այլ նաև ԱԺ նախագահին։

«Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- իր առաջարկը հիմնավորել է ԱԱԾ-ն։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել