Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Խորհրդարանը սեպտեմբերի 14-ին Մարիամ Գալստյանին ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։

Գալստյանին այդ պաշտոնի համար առաջադրել էր մրցութային խորհուրդը։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը թեկնածուի քվեարկությունից առաջ հայտարարեց՝ չի մասնակցելու քվեարկությանը։ Քվեարկությանը չի մասնակցել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։ Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիրը»։

Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, «կողմ» է քվեարկել 66-ը, «դեմ»՝ 1-ը։

Մարիամ Գալստյանը մասնագիտությամբ իրավաբան է, անկուսակցական, նրա աշխատանքային գործունեությունը հիմնականում առնչվել է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը:

Սեպտեմբերի 13-ին խորհրդարանում ներկայացնելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իր տեսլականը՝ Մարիամ Գալստյանը հայտարարեց, որ այս հարցում հաջողություն ունենալու համար չափազանց կարևոր գործոններ են քաղաքական կամքի առկայությունն ու քաղաքացիների մտածելակերպի փոփոխությունը:

Մեկնաբանել