Վարչապետն ու Սլովակիայի ԱԳ նախարարը կարևորել են ԼՂ կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամություն համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը։ Մասնավորապես, Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության պոտենցիալի իրացման կարևորությունը։

«Իվան Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել