Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 14-ին, ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ» ընկերության գործունեությունը Հայաստանում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:

«Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել