Արցախի արտաքին գործերի նախարարությունը արդյունավետացման կարիք ունի

Օրերս հայտնի լրագրող և քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը հոդված է հրապարակել «Հայաստանին անհապաղ անհրաժեշտ է բարեփոխել իր դիվանագիտությունը» վերտառությամբ ուշագրավ ու կարևոր հոդված: Չըթըրեանը գրում է հետպատերազմյան փուլում ակտիվ ու ճկուն դիվանագիտության կարևորության մասին: Նա նշում է, որ հայկական դիվանագիտությունը գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար պետք է կարողանա համախմբել բոլոր ռեսուրսները ու արտաքին քաղաքականությունում պասիվ մոտեցումից անցում կատարի ակտիվ գործելաոճի: Հեղինակի կարծիքով՝ արտաքին գործերի նախարարությունը պետք է ստատուս֊քվո պահող կառույցից վերածվի խնդիրներ լուծող ու լուծումներ առաջարկող կառույցի:

Նրա հնչեցրած թեզերը արդիական են նաև Արցախի ԱԳՆ֊ի պարագայում: Այդ կառույցում լուրջ փոփոխություններ են հասունացել ինչպես կադրային քաղաքականութան, այնպես էլ առաջնահերթությունների և գործառույթների ճշտգրտման հարցում: ԼՂՀ ԱԳՆ֊ն, որը մինչև 44֊օրյա պատերազմը ևս աչքի չէր ընկնում առանձնակի ակտիվությամբ, հետպատերազմյան փուլում է՛լ ավելի է կորցրել նշանակությունը և զբաղվում է իմիտացիոն գործունեությամբ: Այս իրողությունը, իհարկե, պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով, սակայն տարածաշրջանում ընթացող գործընթացների ու Հայաստանի իշխող էլիտայի մոտ տիրող տրամադրությունների ֆոնին այն պետք է վերանայման ենթարկվի:

Պատերազմի ավարտից հետո Արցախի իշխանությունները արտգործնախարարի ընտրության հարցում առաջնորդվել են մեկ սկզբունքով՝ նշանակել մի գործչի, որը առավել ընդունելի կլինի ռուսական կողմի համար: Նոր նախարարի պրոֆեսիոնալ հատկանիշների, գիտելիքների ու նրա մոտ տեսլականի առկայության հարցը երկրորդական նշանակություն է ունեցել: Հետպատերազմյան շրջանում Արցախի արտաքին քաղաքականությունը ինքնին պարփակվում է խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ շփումներով ու արցախյան տարբեր պաշտոնյաների այցերով Մոսկվա, որտեղ նրանք հանդիպումներ են ունենում միջին մակարդակի ռուս պաշտոնյաների հետ: ԼՂՀ ԱԳՆ դիրքորոշումները ևս հաճախ արտացոլում են ռուսական տեսակետները և միտված են ամրապնդել քաղաքական այն ստատուս֊քվոն, որի ճարտարապետությամբ հետպատերազմյան փուլում ակտիվորեն զբաղվում է Ռուսաստանը:

Արտաքին գործերի նախարարության աշխատանքի ակտիվացման ու արդյունավետացման համար Արցախի իշխանությունները մի շարք կարևոր քայլեր պետք է ձեռնարկեն:

Առաջին հերթին անհրաժեշտ է լուծել կադրային խնդիրը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի հստակ տեսլական ու գիտելիքներ ունեցող գործիչ, որը սթափ գնահատում է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում առկա իրողություններն ու միտումները և պատրաստ է կրեատիվ լուծումներ առաջարկել գոյություն ունեցող խնդիրներին: ԱԳՆ֊ն պետք է նաև հնարավորինս զերծ պահել պետական համակարգի այլ մարմիններին բնորոշ արատներից: Արտաքին գերատեսչությունում աշխատանքը չի կարելի դիտարկել որպես տարբեր մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու կամ քաղաքական խմբերի հավակնությունները բավարարելու միջոց, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ղեկավար պաշտոններին:

Արտաքին գործերի նախարարությունը պետք է շատ հստակ, ընկալելի ու ռացիոնալ դիրքորոշումներ մշակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ: Տարիներ շարունակ Արցախը այդպիսի դիրքորոշումներ չուներ: Եթե մինչև 2007 թվականը ԼՂՀ իշխանությունները Ղարաբաղյան հիմնահարցում պաշտոնական Երևանից տարբերվող դիրքորոշում ունեին, որը պարբերաբար հնչեցվում էր ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների ու հայտարարությունների, ապա Բակո Սահակյանի իշխանության տարիներին Արցախը իր այդ իրավունքը ևս զիջեց Երևանին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդած 13 տարվա ընթացքում Ստեփանակերտի դիրքորոշումը հանգում էր մեկ կարճ նախադասության՝ «չի կարող լինել վերադարձ անցյալին»: Այս նախադասությունը պարբերաբար հնչեցվում էր ԼՂՀ իշխանությունների կողմից, սակայն որևէ լուրջ բովանադակություն չէր պարունակում և բավական հարմար էր տարբեր տեսակի մեկնաբանումների համար:

Հետպատերազմյան փուլում Արցախի իշխանությունները չեն կարող այդպիսի շքեղություն իրենց թույլ տալ: Հատկապես այն պարագայում, երբ պաշտոնական Երևանը զգալիորեն մեղմացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտությանը առնչվող հարցերում: Ստեփանակերտի դիրքորոշումը, սակայն, պետք է լինի ռացիոնալ և ընկալելի միջազգային հանրության համար:

Այս փուլում ԱԳՆ համար երկրորդ կարևորագույն խնդիրը պետք է լինի արտաքին քաղաքական գործունեության բազմազանեցումը: Պատերազմից հետո Ռուսաստանի դերն ու ազդեցությունը հակամարտության գոտում զգալիորեն աճել է, և այդ իրողությունը անհնար է հաշվի չառնել: Այնուամենայնիվ, սա դեռ չի ենթադրում, որ Ստեփանակերտը պետք է միայն աշխատի ռուսական ուղղությամբ և փորձի համապատասխանեցնել իր բոլոր դիրքորոշումները Մոսկվայի պատկերացումներին, առավել ևս, որ Ռուսաստանի մոտեցումները մեզ համար ամենակարևոր հարցերից մեկում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, հեռու են հայկական կողմերի տեսակետներից:

Չճանաչված պետությունների արտաքին քաղաքականության մասին բոլոր քննարկումները, բնականաբար, պետք է անել որոշակի վերապահումներով: Չճանաչվածության հանգամանքը լուրջ խոչընդոտ է միջազգային գործընկերների հետ բարձր մակարդակով շփումներ ունենալու համար: Այս խնդիրը ավելի է սրվել պատերազմի ավարտից հետո, երբ ԼՂՀ֊ն ինքինշխանության ու սուբյեկտայնության հարցերում լրջագույն կորուստներ է ունեցել: Այնուամենայնիվ, նույնիսկ այսպիսի պայմաններում հնարավոր է արտաքին գործերի նախարարության գործունեությունը ավելի արդյունավետ դարձնել:

ԼՂՀ ԱԳՆ գործունեության արդյունավետացման համար անհրաժեշտ է, որ այդ կառույցը կենտրոնանա երեք հիմնական գործառույթների վրա ՝ «հետախուզական», վերլուծական և լոբբիստական: Այս գործառնությունների արդյունավետ իրականացման համար պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն նաև տարբեր երկրներում ԼՂՀ ներկայացուցչություններում: Արցախի ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները պետք է ամենօրյա ռեժիմով շփման մեջ գտնվեն իրենց տեղակայման երկրների տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ, այս տեսակի շփումների հիման վրա պարբերաբար զեկույցներ կազմեն և Ստեփանակերտում որոշում կայացնողներին տեղեկացված պահեն տարբեր մայրաքաղաքներում տիրող տրամադրությունների ու միտումների մասին:

ԱԳՆ֊ում պետք է նաև բարձր կարողություններով թիմ ձևավորվի, որը ընդունակ կլինի մշակել ու վերլուծել ինչպես ներկայացուցչություններից եկող ինֆորմացիան, այնպես էլ աշխատել բաց աղբյուրների հետ և, համադրելով այդ երկու բաղադրիչը, ստանալ տարբեր զարգացումների վերաբերյալ քիչ թե շատ ամբողջական պատկեր: Հարկ է նշել, որ վերոնշյալ այս երկու գործառույթը պատշաճ մակարդակով չի իրականացվում նույնիսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների կողմից:

ԱԳՆ երրորդ կարևորագույն գործառույթը պետք է լինի լոբբիստականը: ԼՂՀ ներկայացուցչությունները ամենօրյա աշխատանք պիտի կատարեն արտասահմանյան մայրաքաղաքներում՝ փորձելով Արցախի դիրքորոշումները լսելի ու ընկալելի դարձնել տարբեր գործընկերների համար: Ակտիվ աշխատանք պետք է տարվի նաև ադրբեջանական քարոզչությանը հակազդելու, ինչպես նաև Բաքվի կողմից իրականցված ու իրականացվող ռազմական հանցագործությունները միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղություններով:

Վերոնշյալ քայլերը կյանքի կոչելու դեպքում նույնիսկ այս բարդ պայմաններում հնարավոր է արտաքին քաղաքական ոլորտում որոշակի հաջողություններ գրանցել: Հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում Արցախը չի կարող ունենալ անարդյուանվետ ու լճացած ԱԳՆ:

Մեկնաբանել