ՀԱՊԿ ներուժն անհրաժեշտ է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը։

Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նեղ կազմով նիստում, այնուհետև ընդլայնված կազմով նիստում ներկայացրել են ՀԱՊԿ առաջնահերթություններն ու ստորագրել ընդունված փաստաթղթերը: ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, ՀԱՊԿ հետագա զարգացմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ հայկական կողմը կցանկանար գործընկերներին առաջարկել կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա»,- նշել է վարչապետը։

«Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը: Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով:

Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ` ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, համալրել ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով, վերազինել ժամանակակից միջոցներով և կատարելագործել դրանց ղեկավարումը»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի, վարչապետի խոսքով՝ առաջարկում է նաև քայլեր ձեռնարկել միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով: Նիկոլ Փաշինյանն այս առումով կարևորել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ աշխատանքի զարգացումը։

Այսօրվա նիստի արդյունքներում ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` 2022 թվականի չորրորդ եռամսյակում: Որոշում է կայացվել նաև առաջիկայում Տաջիկստանում անցկացնել ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրվված կլինեն ՀԱՊԿ անդամ-պետությունների Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

Մեկնաբանել