ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը վիճարկելու հարցով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով: Այս մասին հայտնում են պաշտպանի հրասենկայի հանրային կապերի բաժնից։

Ըստ ՄԻՊ-ի՝ սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ․ «Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար: Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն)»,- նշված է հաղորդագրությունում։

Դիմումով Պաշտպանը միջնորդել է կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը:

Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։ Նշված սահմանափակումները չունեն բացառություն և վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ զրուցելու արգելքին:

«Օրենքի վերոնշյալ կարգավորումները 2020թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։ Բանն այն է, որ պետական սահմանների հետ կապված գործընթացների պատճառով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանային՝ հայտնվելով սահմանային շերտում: «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ, իսկ սահմանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:

Այսինքն՝ օրենքի կարգավորումների հետևանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը խնջույքի կամ որևէ այլ արարողության ժամանակ ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության: Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը գործող կարգավորումներով ևս մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է: Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաև ադրբեջանական ծառայողների շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի»,- ասված է հիմնավորման մեջ։

Սահմանափակումների հետևանքով նաև մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության։

«Դրանից բացի, օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին միջազգային հարթակներում և, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատության մեջ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս սահմանափակված չէ օրենսդրական որևէ արգելքով։ Մյուս կողմից, սահմանային շերտ մուտք գործելու և մասնագիտական աշխատանքի հարցում խտրական է մոտեցումը նաև ՀՀ լրագրողների նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ չափանիշների դեպքում է հնարավոր ստանալ լուսանկարահանում իրականացնելու թույլտվություն։ Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ»,- տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Դիմումում Արման Թաթոյանը հիմնավորում է, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և Պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման:

Մեկնաբանել