Գազի սակագինը թակում է Հայաստանի դուռը․ ինչպե՞ս կավարտվեն հայ-ռուսական բանակցությունները

Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը կարող է բարձրանալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոստացավ, որ մոտակա ժամանակներում անակնկալներ չեն լինի՝ չբացառելով, սակայն, գազի գնի բարձրացման հնարավորությունն ապագայում՝ միջազգային շուկայում կապույտ վառելիքի արժեքի կտրուկ աճի պատճառով:

Փոխվարչապետ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցում ներկայում անորոշություն է: Այնուհետև անկեղծացավ՝ նշելով, որ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ պարբերաբար ընթացող քննարկումներում պահպանել գազի գործող սակագինը, սակայն «Գազպրոմ Արմենիայի» կողմից, որը Հայաստան բնական գազի միակ մատակարարն ու բաշխողն է, «այլ պնդում կա»:

Վերջին անգամ, Հայաստանի համար գազի սակագինը փոխվել է 2019-ի սկզբին: Սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ: Կառավարությունն այդ ծախսերը դրեց «Գազպրոմ Արմենիա»-ի վրա, որի հետևանքով այդ ընկերությունում աշխատակիցների թվաքանակի ու աշխատավարձերի էական կրճատումներ եղան: Ներկայում «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում սպառողներին գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին` 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։ Փաստացի «Գազպրոմ Արմենիան» բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 280 դոլարով։

2020-ի մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմեց «Գազպրոմ»-ին՝ առաջարկելով քննարկել հայ-վարացական սահմանին գազի սակագնի նվազման հնարավորությունը, ինչպես նաև ազգային արժույթներով գազի դիմաց վճարման կանոնների սահմանումը։ Այդ ժամանակ Եվրոպայում ու միջազգային շուկաներում կորոնավիրուսի սահմանափոկումներով պայմանավորված գազի ու նավթի գները փլուզվել էին: Գազի սակագնի որոշման ու դրա դիմաց վճարման եղանակի շուրջ բանակցությունները որևէ արդյունք չտվեցին:

Մեկուկես տարի անց գազի գնի շուրջ իրավիճակը միջազգային շուկաներում գլխիվայր շրջվեց: Գազի միջազգային գների շեշտակի աճի ֆոնին սակագնի խնդիրը կրկին թակեց կառավարության դուռը:

Հայաստանում գազի սակագնի հարցերը կարգավորվում են 2013-ի համաձայնագրով, որով նախատեսված եկամտաբերության չափն այլևս չի բավարարում «Գազպրոմ»-ի դստերը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին: Ըստ այդմ ծագել է գազի գնի բարձրացման խնդիրը, որի հետ կապված, ինչպես նշվեց Ազգային ժողովում, հայկական կողմը ստիպված է 3-4 ամիսը մեկ լրացուցիչ որոշումներ կայացնել:

Կարևոր է նաև ընտրված ժամանակահատվածը: Գազի սակագնի հնարավոր բարձրացման շուրջ քննարկումների մասին հանրությունը տեղեկացվեց հունիսի 20-ին կայացած խոհրդրադարանկան ընտրություններից հետո: Ընտրություններից առաջ նման զգայուն սոցիալական խնդրի արծարծումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության ֆոնին կրկնակի հարված կլիներ վերընտրվել ցանկացող իշխանությանը՝ նոր հաղթաթուղթ տալով ընդդիմությանը:

2014-ի դեժավյուն

Քաղաքական առումով իրավիճակը հիշեցնում է 2014-ը, երբ Հայաստանի հանրությունը հանկարծ տեղեկացավ, որ «ՀայՌուսգազարդ»-ում («Գազպրոմ Արմենիա»-ի իրավանախորդը) Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը Երևանի ու Մոսկվայի միջև կնքված համաձայնագրով փոխանցվել է «Գազպրոմ»-ին՝ 155 միլիոն դոլար պարտքը մարելու համար: Այդ համաձայանգրով, որը կնքվել էր 2013-ի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ժամանակ, Հայաստանը պարտավորվեց մինչև 2043 գազ գնել «Գազպրոմ»-ից:

Փաստացի գազի սակագինը Հայաստանի համար թանկացել էր ավելի քան մեկ տարի առաջ, սակայն դրա և կուտակվող պարտքի մասին հանրությունը տեղեկացավ միայն 2013-ի նախագահական ընտրություններից ամիսներ անց:

Հայաստանի սահմանին գազի գնի հնարավոր բարձրացման մասին հանրությունը տեղեկացավ խորհրդարանական ընտրություններից ամիսներ անց, թեև հետհեղափոխական կառավարությունը ստանձնել էր թափանցիկ աշխատելու հանձնառություն: Ի տարբերություն 2013-ի իրավիճակի՝ այս անգամ սպառված գազի դիմաց պարտքի կուտակման մասին խոսք չկա:

Գերակշռում է անորոշությունը, որն էներգատար ոլորտներում ներդրումների համար մշուշոտ հեռանկար է ստեղծում: Այդ ոլորտում պոտենցիալ ներդրողները «շունչները պահած» սպասում են էներգետիկ թնջուկի կարգավորմանը:

Միջազգային շուկայի ճնշումները

Հայ-ռուսական գազային հավասարումը, հատկապես Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճի պայմաններում, դժվար թե Հայաստանի օգտին լուծվի: Կանխատեսումները լավատեսական չեն: Սեպտեմբերի 15-ին գազի գինը Եվրոպայում աճել է ավելի քան 100 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց հասելով 970 դոլարի, իսկ մեկ օր անց նվազել մինչև 800 դոլար: Հասկանալի պատճառներով Հայաստանում լռել են 2020-ի սկզբին եվրոպական գազային շուկան մատնացույց անող և ռուսական գազի գնի իջեցում պահանջող ձայները:

Այժմ բարձրաձայն խոսում է «Գազպրոմը»: Պատահական չէ, որ այդ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը սեպտեմբերի 14-ին Երևանում հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հարցերի քննարկման» համար: Պաշտոնական հաղորդագրությունում չի նշվում՝ կողմերը քննարկել են արդյոք սահմանին գազի գնի բարձրացման հարցը, թե ոչ։ Սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ խնդիրն օրակարգում է:

Պարզ չէ՝ ինչպես կավարտվի հայ-ռուսական գազային բանակցությունների նոր փուլը: Սակայն Հայաստանն այս բանակցություններում լուրջ խաղաքարտեր չունի, ոչ էլ Ռուսաստանին հետաքրքրող էներգետիկ ազատ հզորություններ, որոնք կարող են գազի սակագնի պահպանման դիմաց առևտրի առարկա դառնալ:

Ի՞նչ կարող է լինել

ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը զարգացման երկու հնարավոր տարբերակ է տեսնում Հայաստանին մատակարարվող գազի սակագնի պահմանման համար:

«Առաջին, Երևանը կարող է առաջարկել Մոսկվային ՀՀ-ում գործող ռուսական կապիտալով ընկերություններին գազ մատակարարել ՌԴ-ի ներքին գներով կամ այլ արտոնյալ պայմաններ առաջարկել այդ ընկերություններին։ Երկրորդ տարբերակը Ռուսաստանի հետ առավել խորը ինտեգրման մասին է, որի ուղղությամբ այժմ շարժվում է Բելառուսը: Այստեղ խոսքն աշխարհաքաղաքական հետևանքների մասին է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց Մարջանյանը: Նրա խոսքով՝ երկու տարբերակն էլ ունեն առավելություններ և թերություններ, և վերջիվերջո կառավարությունն է որոշելու՝ ինչ ճանապարհով շարժվել:

Հ.Գ. Երբ սեպտեմբերի 10-ին Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնեցրեցին Միութենական պետության ինտեգրման 28 ծրագրերը, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց՝ Մինսկն ու Մոսկվան «բուլդոզերի նման առջևից են գնում և մաքրում են տարածքը տարածաշրջանում ինտեգրվելու համար», ինչպես նաև «ցույց տալիս, թե ինչպես պետք է շարժվել ԵԱՏՄ-ում և առավել ևս՝ ԱՊՀ-ում»։

Հերթն ո՞ւմն է:

Արշալույս Մղդեսյան