Ածխաջրածինների դարաշրջանի ավարտն ու հնարավոր փոփոխությունները Հարավային Կովկասում

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր հերթական հեղինակային հաղորդմանը խոսում է, թե ինչպես են էներգետիկայի ոլորտում փոփոխությունները՝ ածխաջրածիններից հրաժարումը (դեկարբոնիզացիա) և ապավինումը վերականգնվող էներգետիկային, փոխելու Ադրբեջանի և տարածաշրջանի տնտեսությունը։

Այս շաբաթ ևս կխոսենք միջազգային էներգետիկ ասպարեզում, մասնավորապես նավթի ու գազի ոլորտներում սպասվելիք փոփոխությունների և երկարաժամկետ առումով Ալիևի տնտեսության վրա այդ փոփոխությունների ազդեցության մասին։

Սկսենք 2019-ին Յեյլի համալսարանի մի ուսումնասիրությունից, ըստ որի 2019 թվականը peak oil-ն է՝ նավթի արդյունահանման գագաթնակետը։ Նավթը սահմանափակ ռեսուրս է, և այդ կետից սկսած այն գնալով թանկանալու է, քանի որ գնալով նվազելու է արդյունաբերվող նավթի ծավալը։ Սակայն դա տեղի չունեցավ, նավթը սպասվածից շատ է։ Իրականում հասել ենք պահանջարկի առավելագույն կետին, ինչը նշանակում է, որ այս կետից սկսած՝ պահանջարկը կնվազի։ Էներգետիկ արդյունաբերության ոլորտում ամենամեծ փոփոխություններից մեկը էլեկտրական մեքենաներն են։ Պատճառն այն է, որ ամբողջ աշխարհում նավթի 50-70 տոկոսը (տարբեր երկրների դեպքում թիվը տատանվում է) օգտագործվում է տրանսպորտի և ապրանքաշրջանառության համար։

Քաղաքականության տեսանկյունից` բեռնատար գնացքը, որն ուղղություն է վերցրել նավթի արդյունաբերության ուղղությամբ, 3D է, որոնք են՝ դեկարբոնիզացիա, դեֆլյացիա և դետոքսիֆիկացիա, հայեցակարգ, որը ի հայտ եկավ կորոնավիրուսից հետո, երբ մարդիկ տեսան՝ որքան մաքուր է օդը քիչ երթևեկության պարագայում։

Էներգետիկ հարցերով զբաղվող նորվեգական խորհրդատվական ընկերություն կա՝ «Ռեյստեդ էներջի», որը հետևում է էլեկտրական մեքենաների վաճառքին։ Ըստ նրա տվյալների՝ անցած տարի նոր մեքենաների վաճառքի հինգ տոկոս մասնաբաժինը էլեկտրական մեքենաներինն էր։ Ակնկալվում է, որ այդ թիվը 2025-ին կհասնի 23 տոկոսի։ Միաժամանակ, բոլոր խոշոր ավտոարտադրող երկրները՝ ԱՄՆ, Ճապոնիա, եվրոպական երկրներ, ունեն էլեկտրական մեքենաների ակտիվ ծրագրեր։

ԵՄ-ն նախատեսում է, որ մինչև 2030թ. բոլոր նոր վաճառվող մեքենաների 50 տոկոսը պետք է բաժին ընկնի էլեկտրական մեքենաներին, իսկ մինչև 2035-ը այդ թիվը պետք է դառնա 100 տոկոս։ ԱՄՆ-ի դեպքում ևս այս թվերը նույնն են։ Ընդ որում, այս ժամկետներն արագացնելու ճնշում կարող է լինել, հաշվի առնելով բնապահպանական այս բոլոր աղետները՝ հրդեհներ, ջրհեղեղներ, որոնց ականատեսն ենք հիմա։

Չինաստանը ևս նախատեսում է, որ մինչև 2030թ. բոլոր նոր վաճառվող մեքենաների 50 տոկոսը պետք է բաժին ընկնի էլեկտրական մեքենաներին, իսկ Ճապոնիան նախատեսում է մինչև 2035 թ. ամբողջությամբ անցնել էլեկտրական մեքենաների։ Ընդ որում, նրանք արդեն իսկ առաջ են անցել՝ անցյալ տարի Ճապոնիայում բոլոր նոր վաճառված մեքենաների 40 տոկոսը էլեկտրական էր։

Ի՞նչ ազդեցություն կուենա այս միտումը նավթարդյունաբերող երկրների վրա։ Սկսենք Ադրբեջանից։ Նավթարդյունաբերության ոլորտում առանցքային փոփոխականը արդյունահանման ծախսն է, ընդ որում, այն տարբեր է տարբեր երկրների դեպքում։ Նավթարդյունահանողների երեք մակարդակ կա. ամենաթանկ նավթը Ռուսաստանի Արկտիկայում, Կանադայում և ԱՄՆ որոշ մասերում հորատվող նավթն է։ Այդ նավթի մեկ բարելի արդյունահանման ծախսի միջինը մոտ քառասուն դոլար է, ինչը նշանակում է՝ պետք է բարելը շուկայում արժենա յոթանասուն դոլար և ավելի, որպեսզի արդարացնի ծախսերը։

Ապա գալիս են արդյունահանման ծախսի առումով միջին մակարդակի արտադրողները, որոնց թվում է Ադրբեջանը։ Այդ երկրների դեպքում այդ թիվը տատանվում է 20 դոլարի սահմաններում։ Հետո գալիս են բացարձակ ցածր արժեքով նավթ արդյունաբերող երկրները՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, որոնց համար արտադրական ծախսը տասը դոլարից պակաս է, ինչը նշանակում է՝ երբ նավթի գներն անկում ապրեն, առաջին մակարդակի արդյունահանողները բիզնեսից առաջինը դուրս կթռնեն, այն մեծապես կազդի միջին մակարդակի արդյունահանողների վրա, և վերջին նավթը, որ կարտահանվի, կլինի Սաուդյան Արաբիայում։

Սրա հետևանքները արդեն իսկ տեսնում ենք Ադրբեջանում, մի քանի տարի առաջ Chevron-ը՝ աշխարհում ամենախոշոր նավթարդյունահանող ընկերություններից մեկը, լքեց երկիրը։ Նույնը փորձում է անել ամերիկյան Exxonmobil-ը։ British Petroleum-ը, որն Ադրբեջանում գործող նավթարդյունահանող ընկերությունների շարքում առաջատարն է, անունը փոխել է Beyond Petroleum՝ [թարգմանաբար] նավթից անդին, Իսկ Shell Oil-ը առաջիկա տասնամյակում փոխակերպվելու է ջրածին արտադրող ընկերության։ Սա, բացի տնտեսականից, ունենալու է նաև քաղաքական ազդեցություն։ Խոշոր տնտեսություն ունեցող երկրներում՝ Չինաստան, ԱՄՆ, Ճապոնիա, նավթի օգտագործման պակասեցմանը զուգահեռ նավթը դառնում է աղքատ երկրներին հասանելի ռեսուրս։ Սա նշանակում է, որ քաղաքական առումով այն ավելի պակաս դեր կունենա, ավելի նվազեցնելով նավթարդյունահանող երկրների քաղաքական դերը։

Ինչ վերաբերում է բնական գազի շուկային, այս ոլորտը ևս զերծ չի մնա տեխնոլոգիական խնդիրներից։ Անցած տարի վերականգնվող էներգիայի լավագույն արժեքը հավասարազոր էր գազի արժեքին։ Իսկ մենք տարիների ընթացքում տեսել ենք, որ վերականգնվող էներգիայի արդյունավետությունը երկրաչափական պրոգրես է ապրում։ Մենք արդեն իսկ սրան ականատես ենք լինում ԱՄՆ-ում․ անցյալ տարվա բոլոր նոր էներգետիկ նախագծերի 75 տոկոսը վերականգնվող էներգիային է բաժին ընկնում, իսկ փակված էներգետիկ կայանների 85 տոկոսը գազի կայաններ էին։ Այս միտումը առաջիկայում կուժեղանա, երբ լավագույն վերականգնվող էներգակիրների գները փլուզեն բնական գազի գները։

Ինչ է նշանակում իրական հարստությունը 21-րդ դարում

Այժմ խոսենք այն մասին, թե ինչ է նշանակում իրական հարստությունը 21-րդ դարում, և նայենք դրան՝ Հայաստանի տնտեսության տեսանկյունից։ Հայերի հիմնադրած և Հայաստանում գործող երկու ընկերության՝ Service Titan-ի (որը իրականում հիմնադրվել է ԱՄՆ-ում, բայց խոշոր ներկայություն ունի այստեղ) և Picsart-ի, որը տեղական ընկերություն է, շուկայական արժեքը միասին մոտ 10 միլիարդ դոլար է: Նախատեսվում է, որ առաջիկա մեկ-երկու տարում նրանք կդառնան բաց բաժնետիրական։ Ադրբեջանի Նավթային հիմնադրամը, որտեղ նրանք պահել են իրենց նավթադոլարները, որպեսզի օգտագործեն, երբ նավթային եկամուտները պակասեն, 40 միլիարդ դոլար է։ Երբ հանում ենք Ադրբեջանի պարտքը, այն դառնում է 30 միլիարդ դոլար։

Այսինքն, այս երկու ընկերությունները միասին արժեն այն հարստության մեկ երրորդը, որն Ադրբեջանը 25 տարի կուտակել է։ Տեխնոլոգիական ոլորտի հաշվարկներով, Հաաստանը մինչև մյուս տարի ամենայն հավանականությամբ կունենա չորս տեղական միլիարդանոց ընկերություն։ Պատկերացրեք, որ այդ չորս-հինգը դառնում են քսան։ Կունենանք լրիվ այլ պատկեր։

Որպես ամփոփում, այս երկու հաղորդումների նպատակն էր ընդհանուր պատկերացում տալ մեզ սպասվող փոփոխությունների մասին, և ինչ ազդեցություն կունենան մեզ վրա։ Սակայն ինչ էլ տեղի ունենա մեր հարևան երկրների հետ, շատ քիչ նշանակություն կունենա, քանի դեռ մենք ինքներս չենք կառուցում կոմպետենտ տնտեսություն, բանակ ու պետություն։

Մենք չպետք է կենտրոնանանք այլոց ձախողումների վրա, այլ մեր, ու թե որտեղ կարող ենք մենք կատարելագործվել։

Հաջորդ հաղորդումներին ավելի մեծ ուշադրություն կդարձնենք Հայաստանի տնտեսությանն ու հեռանկարներին։

Մաս առաջին

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել