Արցախի ՄԻՊ-ը քննարկման է ընդունել է ՍիվիլՆեթի լրագրողի բողոքը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանի բողոքն ընդունել է քննարկման:

Լրագրողը օգոստոսի 6-ին հասցեագրված դիմումով պաշտպանին հայտնել էր, որ 2021-ի հունիսի 24-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Արցախի քաղաքաշինության նախարարություն՝ նախարարին խնդրելով տրամադրել վերջին 3,5 տարում այն հինգ խոշոր ընկերությունների ցանկը, որոնք շինարարական աշխատանքներ են իրականացրել Արցախում, ինչպես նաև՝ տրամադրել նրանց կատարած ու կատարվելիք աշխատանքների ծավալը, և ըստ պայմանագրերի՝ նրանց հատկացված ու հատկացվելիք գումարները:

Նախարարությունը մինչ օրս պատասխան չի տրամադրել, ինչպես նաև չի տեղեկացրել պատասխան ներակայացնելու ժամկետների մասին։

«Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ):

Մեկնաբանել