Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելիս Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին և ի շարս այլ հարցերի՝ անդրադարձել Հայաստանի հետ հարաբերությունների հարցին։

Ինչպես հաղորդում է թուրքական պետական Anadolu գործակալությունը, լրագրողը նշել է, որ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե թույլ չի տա միջանցքի բացում Ադրբեջանի և Նախիջևանի միջև, և հարց է ուղղել, թե ինչ է կարծում այդ մասին Էրդողանը։

«Այդ միջանցքի բացել-չբացելու հարցը քաղաքական հարց է։ Թերևս մտածելու տեղիք է տալիս, երբ մի կողմից նա նման բան է ասում, իսկ մյուս կողմից՝ ուզում է հանդիպել ինձ հետ։ Եթե նա ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, ապա այժմ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի։ Մենք փակ չենք դիվանագիտության համար: Իսկապես, նա [Հայաստանի վարչապետը] Վրաստանի վարչապետի իջոցով ինձ փոխանցել է հանդիպելու ցանկությունը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ դրա համար Հայաստանը պետք է դրական մոտեցում ցուցաբերի։

«Եթե Վրաստանի վարչապետն ինձ փոխանցի երկխոսության այս խնդրանքը և այնպիսի քայլ ձեռնարկի, որ այստեղ նոր գործընթաց սկսվի, ես իմ անկեղծությունը կդրսևորեմ և բանակցություններ կսկսեմ։ Երբ դիվանագիտություն սկսվի, իհարկե, այստեղ պետք է ինչ-որ բան վերցնել ու տալ։ Ես ցանկանում եմ, որ այս հարցում գերակշռեն դրական, ոչ թե բացասական մոտեցումները։ Այսպիսով, ես հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջանցքների բացման այդ խնդիրը կհաղթահարվի»,- ասել է Էրդողանը։

Մեկնաբանել