Ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օվերչուկը նման տեսակետ է հայտնել Երևանում անցկացվող Armenia Business Forum-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց, միանշանակ, ակնհայտ է, որ ապաշրջափակումը և տրանսպորտային ուղու վերականգնումը զգալիորեն նոր հնարավորություններ կստեղծի՝ ընդլայնելու, ավելացնելու ապրանքաշրջանառությունը, այդ թվում՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև»,- ասել է Օվերչուկը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին, Մոսկվայում՝ երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսին։