Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում․ Ռուսաստանի փոխվարչապետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկվում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարցը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»,- պատասխանելով լրագրողի հարցին, ասել է Օվերչուկը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին, Մոսկվայում՝ երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսին։

Ռուսաստանի փոխվարչապետն այսօր նաև հայտարարել էր, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը:

Մեկնաբանել